Ադրբեջանում ընդդիմության կողմնակիցներին առաջարկում են զանգվածաբար սափրել գլուխը: Ինչպես հաղորդում է Contact.az-ը, նման առաջարկով հանդես է եկել փաստաբան Գուրբան Մամեդովը:
Գաղափարը հայտնվել է այն բանից հետո, երբ «Ո՛չ ահաբեկչությանը» ակցիայի մասնակից մի քանի երիտասարդ ակտիվիստների գլուխները ձերբակալությունից հետո հարկադրաբար սափրել են:
Մամեդովն արդեն սափրել է գլուխը:
«Թող բոլոր երիտասարդները, բոլոր քաղաքացիները, որոնք դեմ են այս վարչակարգին, սափրեն գլուխները, ինչպես ես, և դուրս գան փողոցներ: Եվ դա կլինի մեր բողոքը»,- ասել է նա և հավելել՝ թող աշխարհը տեսնի, թե Ադրբեջանում այս վարչակարգի քանի հակառակորդներ կան:
Փաստաբանը նշել է՝ եթե հասարակությունը չարտահայտի իր դիրքորոշումը, ապա վարչակարգի կողմից չարաշահումները կաճեն, և Ադրբեջանում այլևս հնարավոր չի լինի ապրել:
Նշենք, որ երիտասարդ ակտիվիստները ձերբակալվել են ապրիլի 30-ին՝ Բաքվի նավթային ակադեմիայում զանգվածային սպանության տարելիցին նվիրված ակցիայի ժամանակ:











































