Օֆշորի հայտնի գործով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը, հույսը կտրելով դատական ճանապարհով արդարադատության հասնելուց, դիմում է Սերժ Սարգսյանին՝ համարելով, որ այս հարցը քաղաքական հարց է, վերաբերում է երկրի հեղինակությանը և իրեն այլևս չի հետաքրքրում գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանը պատասխանատվության կենթարկվի, թե ոչ։
Հայրապետյանը պահանջում է, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա լինեն նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «Ամերիաբանկ»-ի պատասխանատուները։
Այլապես, գործարարի խոսքերով՝ իր հետ կատարվածն անմիջականորեն ազդում է երկրի հեղինակության վրա և հաջորդիվ, այն 1-2 ներդրողները, որոնց կառավարությունը ճրագով է փնտրում-գտնում, նրանք էլ չեն գա Հայաստան։
Հայրապետյանն առ այսօր էլ պնդում է՝ իրեն միտումնավոր սնանկացնելու ծրագիր է եղել, բայց ինքն օրինական ճանապարհով չի կարողանում արդյունքի հասնել, որովհետև օրենքը չի գործում։ Իսկ օրենքը չի գործում, որովհետև գործում ներգրավված են աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ամեն դեպքում, Հայրապետյանը դժգոհ է օֆշորի գործի դատական քննությունից։ Միայն վերջին 6 նիստը տարբեր պատճառաբանությամբ հետաձգվել է։












































