Հայաստանը հույսեր ունի՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ: Հայաստանը, մասնավորապես, շահագրգռված է, որպեսզի կառուցվեն Հյուսիս-Հարավ մայրուղին և հայ-իրանական երկաթուղին, բայց Վրաստանն ու Ադրբեջանը ևս հույս ունեն, որ Իրանը կդառնա նրանց ներդրումային գործընկերը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց հեղինակավոր վերլուծաբան և քաղաքագետ, Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմագիտության դոկտոր Լիլյա Շևցովան՝ կարծիք հայտնելով, որ մեկուսացումից դուրս գալուց հետո Թեհրանն իր խաղն է խաղալու և խաղալու է տարածաշրջանի երկրների հակասությունների հաշվին:
«Բաքուն նույնպես երազում է նմանատիպ նախագծերի մասին: Իսկ Թբիլիսին դեռ Սաակաշվիլու օրոք սկսեց հրավիրել իրանցի գործարարների: Իրանը, դուրս գալով մեկուսացումից, սկսելու է իր խաղը խաղալ, և նա խաղալու է տարածաշրջանի բոլոր երկրների հակասությունների վրա: Եվ դրան պետք է պատրաստ լինել»,- նշեց նա:
Շևցովան նաև խոսեց նավթի համաշխարհային գների կտրուկ անկման և Ռուսաստանի ու Եվրասիական միության վրա դրա ազդեցության մասին:
«Մոսկվայի՝ Եվրասիական նախագծի համար վճարելու հնարավորությունները սահմանափակվեցին, երբ Ռուսաստանը մտավ երկարատև ճգնաժամի մեջ: Ահա և եզրակացություն արեք այդ գաղափարի կենսունակության մասին»,- ասաց մեր զրուցակիցը:
– Տիկին Շևցովա, նավթի համաշխարհային գների անկումը, Ձեր կարծիքով, միայն օբյեկտիվ, տնտեսակա՞ն խնդիրների հետ է կապված աշխարհում: Հնարավո՞ր է, որ սա նաև ուղղված լինի որոշ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի կամ Իրանի դեմ:
– Նավթի գներն այսօր դարձել են համաշխարհային մղձավանջ, և բոլորը դարձել են գուշակներ, որոնք փորձում են բացատրել նավթային քմահաճույքները և կանխատեսել, թե երբ գները կրկին կսկսեն բարձրանալ: Ես նավթային ոլորտի մասնագետ չեմ, բայց ես հիշում եմ նավթի համար պայքարի մասին հրաշալի հերոսապատման հիմնական եզրահանգումը, որն արվել է տասնյակ տարիներ շարունակ նավթի գների պահվածքի հետազոտության հիման վրա: Եզրահանգումն այսպիսին է. այդ գինը բազմաթիվ գործոնների ազդեցության հետևանք է, որոնցից որոշները պարզ են դառնում միայն որոշ ժամանակ անց: Ինչպես ասում են վստահություն վայելող փորձագետները՝ գների ներկայիս անկումը դավադրության հետևանք չէ, թեև քաղաքական պատճառներ այստեղ կան: Խոսքը գործոնների հանրագումարի մասին է, որոնց թվում կարելի է հիշատակել Չինաստանի տնտեսության աճի դանդաղումը, արաբական «բենզալցակայանների» ձգտումը՝ պահպանել իրենց մասնաբաժինը շուկայում, ինչպես նաև Իրանի՝ դեռևս պոտենցիալ մուտքը նավթի շուկա: Մի խոսքով՝ տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, պայքար Մերձավոր Արևելքի համար և պոտենցիալ վախեր, որոնք միշտ էլ եղել են նավթի և իշխանության համար պայքարի բաղադրիչներից:
– Ի՞նչ հետևանքներ կլինեն Ռուսաստանի համար՝ տնտեսական և քաղաքական առումով: Կարո՞ղ է արդյոք կրկնվել այն, ինչ եղավ 1980-ականների վերջին:
– Ռուսաստանը հիմա ցնցումների մեջ է: Հունվարի 18-ին ռուսական Urals տեսակի նավթի գինն իջավ մինչև 25,9 դոլար: Իսկ Ռուսաստանի 2016թ. բյուջեն կազմվել է մեկ բարելի համար 50 դոլարի հաշվարկով: Այժմ կառավարությունը զբաղված է «սթրեսային» բյուջեների մշակմամբ, մասնավորապես՝ մեկ բարելի համար 30 դոլար հաշվարկի հիման վրա: Բայց դրա հետ մեկտեղ կառավարությունը վախենում է խոստովանել դա, որպեսզի խուճապ չառաջացնի, և ձևացնում է, թե մինչև ապրիլ բյուջեն չի վերանայվի: Չէ՞ որ Ռուսաստանը հսկայական և արդեն բավական հնացած «բենզալցակայան» է, որն ապրում է նավթագազային թմրանյութի հաշվին: Այսօր խնդիրը շատ ավելի լուրջ է, քան 80-ականների վերջին, երբ սկսվեց փլուզվել ԽՍՀՄ-ը:
Խնդիրն այն է, որ այն ժամանակ զարգացման ռուսական մոդելը դեռ հնարավորություն ուներ գոյատևելու սովետական պոտենցիալի հիմքի վրա: Այսօր այդ մոդելն, ըստ էության, սպառել է իրեն, և այն կշարունակի շարժվել քայքայման ուղղությամբ: Նավթի գների անկումը միայն սրել է այն գործընթացները, որոնք անխուսափելի էին: Գների «թռիչքը» կարող է երկարացնել մոդելի հոգեվարքը, բայց չի կարող փրկել այն: Ի՞նչ կլինի այդ հոգեվարքի և ռուսական մոդելի ինքնասպառման արդյունքում: Այս հարցն է այսօր մտահոգում բոլորին Մոսկվայում… Զանգվածները դուրս կգա՞ն փողոց: Կսթափվի՞ արդյոք էլիտան, և կսկսվե՞ն ցավոտ բարեփոխումները: Առայժմ այս հարցերը պատասխան չունեն:
– Այս պայմաններում ի՞նչ հեռանկարներ ունի Ռուսաստանի եվրասիական նախագիծը: Որոշ ռուսաստանցի վերլուծաբաններ կարծում են, թե իրավիճակը շատ արագ կարող է փոխվել, և որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են նոր շուկա ստեղծել Արևելքում: Ի՞նչ եք կարծում այս մասին:
– Եվրասիական նախագիծը պահպանվում էր Ռուսաստանի՝ վճարելու պատրաստակամության և առաջին հերթին ռեսուրսների հաշվին: Առայժմ Եվրասիական միությունից շահում է միայն Բելառուսը, և անգամ դա է կասկածի տակ, քանի որ ռուսական ռեսուրսները խանգարում են այդ երկրում բարեփոխումների իրականացմանը: Մոսկվայի՝ Եվրասիական նախագծի համար վճարելու հնարավորությունները սահմանափակվեցին, երբ Ռուսաստանը մտավ երկարատև ճգնաժամի մեջ: Ահա և եզրակացություն արեք այդ գաղափարի կենսունակության մասին:
Եթե խոսքը Եվրասիական նախագծի և չինական «Մետաքսի ճանապարհի» նախագծի «համակցման» մասին է, ապա դա միֆ է, որից կարող է օգտվել Պեկինը՝ օգտագործելով հետխորհրդային տարածքը Եվրոպա դուրս գալու համար: Բայց ի՞նչ օգուտ ունեն այդ համակցումից մյուս պետությունները: Նրանք ընդամենը կարող են դառնալ Չինաստանի տրանսպորտային զարկերակը… Մոսկվայում այլևս պատրանքներ չեն տածում այդ նախաձեռնության հանդեպ:
– Իրանի հարաբերությունների կարգավորումը Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ ի՞նչ հնարավորություններ է տալիս Հայաստանին մեր տարածաշրջանում: Օրինակ՝ Հայաստանը կարո՞ղ է ինչ-որ առումով կամուրջ դառնալ արևմտյան և իրանական շուկաների միջև՝ հաշվի առնելով Երևանի և Թեհրանի բարեկամական հարաբերությունները:
– Պետք է տարածաշրջանի լուրջ փորձագետ լինել՝ այդ հարցին լիարժեք պատասխան տալու համար: Ես կպատասխանեմ որպես մարդ, ում հետաքրքրում են մեկուսացման մեջ հայտնված պետությունների՝ ելքեր գտնելու խնդիրները:
Եվ այսպես. առաջին հերթին պետք է միայն ողջունել Իրանի ելքը պատժամիջոցների ռեժիմից: Սա մեծ ու հզոր երկիր է և տարածաշրջանային կարևոր խաղացող, որը պետք է խաղա նորմալ կանոններով: Բայց սխալ կլինի եզրակացնել, թե Իրանի խնդիրները Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հետ լուծվել են: Երբ Օբամայից հետո նոր նախագահ գա, այդ խնդիրները կարող են ավելի սրվել: Արևմուտքը փնտրելու է Իրանին զսպելու և նրա հետ համագործակցելու բանաձև: Նույն ձևով Արևմուտքը բանաձև է փնտրում Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններում:
Երկրորդը՝ կշարունակվի բախումը Իրանի և սուննիական պետությունների միջև, և Աստված տա, որ հնարավոր լինի խուսափել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ուղղակի բախումից: Երրորդը՝ մենք դեռևս չգիտենք, թե ինչպիսին կլինի Իրանում ուժերի հարաբերակցությունը պահպանողականների և չափավոր պրագմատիկների միջև, և այդ բալանսն ինչպես կազդի Թեհրանի արտաքին հավակնությունների վրա:
Ես հասկանում եմ Հայաստանի հույսերը՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ: Բայց խնդիրն այն է, որ հարավկովկասյան բոլոր երեք երկրները՝ ներառյալ Ադրբեջանն ու Վրաստանը, նույն հույսերն ունեն, որ Թեհրանը կդառնա ներդրումային գործընկեր, կակտիվացնի տրանսպորտային մայրուղիների կառուցումը, շահագրգռված կլինի օգտագործել այդ պետությունները՝ որպես միջանցք դեպի Եվրոպա և Ռուսաստան:
Ես նաև գիտեմ, որ Հայաստանը շահագրգռված է, որ կառուցվեն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին և Իրանի ու Հայաստանի միջև երկաթուղին: Բայց Բաքուն նույնպես երազում է նմանատիպ նախագծերի մասին: Իսկ Թբիլիսին դեռ Սաակաշվիլու օրոք սկսեց հրավիրել իրանցի գործարարների: Ճիշտ է, այն ժամանակ շատ բան չհաջողվեց անել պատժամիջոցների պատճառով: Իրանը, դուրս գալով մեկուսացումից, սկսելու է իր խաղը խաղալ, և նա խաղալու է տարածաշրջանի բոլոր երկրների հակասությունների վրա: Եվ դրան պետք է պատրաստ լինել:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Իրանի հարաբերություններին, ապա այս պետությունները ոչ միայն համագործակցության եզրեր են փնտրելու իրար հետ, այլև մրցակցելու են և զսպելու միմյանց: Նրանք ընկերություն են անելու իրար հետ՝ ընդդեմ Ամերիկայի, և միաժամանակ մրցակցելու են ազդեցության գոտիների համար: Այնպես որ՝ սպասվում է բավական փոթորկալից պատկեր ձեր տարածաշրջանում:









































