Հունվարի 20-ին ռուսական լրատվամիջոցները տարածեցին տեղեկատվություն, թե Հայաստանից հիմնականում կենդանական ծագման մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա Ռուսաստան ներմուծման արգելք կա: Պատճառը դաբաղն է: Մեկ օր անց գյուղատնտեսության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, թե ընդամենը մեկ դեպքի մասին է խոսքը, թե վտանգ չկա, բայց մխիթարանքն ուշացած էր այնքանով, որ քաղաքացին հերթական անգամ իրեն խաբված զգաց, որ գերատեսչությունը փորձել է կոծկել կարևոր տեղեկատվությունը:
Դաբաղի լուրի մասին տեղեկությունից երկու օր անց սննդի անվտանգության ծառայությունը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ նոր շտամի դաբաղը Հայաստան է ներթափանցել Թուրքիայից: Անասուններին նախապես պատվաստած վակցինան ավելի թույլ է, քան հիվանդության նոր տեսակը:
Հովհաննես Մկրտչյանի խոսքով՝ դաբաղի դեռևս միակ դեպքը եղել է Արմավիրի Արազափ գյուղում:
Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն այս տեղեկատվությունը արժանահավատ չի համարում, որովհետև ընդամենը մեկ դեպքի պատճառով Ռուսաստանը արգելք չէր հանդիսանա:
Իրականության պատկերը թաքցնելու սովորությունը հայ պաշտոնյաների մոտ առաջանում է աշխատանքը կորցնելու վախից: Սակայն ջայլամային քաղաքականությունը խնդրի լուծում չէ:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը խնդրի արմատները մատնանշում է չկարգավորված գյուղատնտեսական օրենսդրության մեջ: Եթե լիներ գյուղատնտեսական օրենք, դաշտը քիչ թե շատ հնարավոր կլիներ վերահսկել և հասկանալ առաջացող խնդիրների պատճառն ու հետևանքը: Այս պարագայում գյուղացիները, սոցիալական նպաստից օգտվելու համար, ստիպված են թաքցնել ունեցած անասնագլխաքանակը, որի պատճառով էլ անասունների մի մասը պատվաստվում են հիվանդությունների դեմ, մի մասը՝ ոչ:
Դաբաղն այն հիվանդությունն է, որի տարածումը կարող է տնտեսական մեծ վնասներ բերել: Առանց այն էլ դժվար ժամանակներ ապրող այս ոլորտը լուրջ վնասներ կարող է կրել կարգավորող պատկան մարմինների անփութության պատճառով:
Իրականությունն ամեն գնով կոծկելու այս գործելաոճը երբեմն կոնկրետ միտում է ունենում: Սննդի անվտանգության նախկին աշխատակիցը վեր է հանում մի քանի խոշոր արտահանողի գրպանի պարունակությունը փրկելու մեխանիզմը:
Ստեղծված իրավիճակը, Բաբկեն Պիպոյանի խոսքով, հուշում է անարդար խաղի կանոնների մասին, որը հետագայում կունենա իր ազդեցությունը կունենա Հայաստանից մթերքի արտահանումների վրա:
Նման դեպքերի համար Հրաչ Բերբերյանը լուծում է առաջարկում է։ Ստեղծել պահուստային ֆոնդ և այս ֆոնդի հաշվից կազմակերպել հիվանդության հավանական բռնկման կանխարգելումը:
Իսկ մինչ այդ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ավանդույթի համաձայն, հիշեցնում է՝ արգելքը ընդամենը ժամանակավոր է:










































