Դատական գործընթացի արդյունքում Գվատեմալայի դատախազությունը պահանջում է նախկին դիկտատոր Էֆրային Ռիոս Մոնտին դատապարտել 75 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով մեքսիկական մամուլը:
Նախկին դիկտատորին, ինչպես նաև ռազմական հետախուզության նախկին ղեկավար Խոսե Ռոդրիգես Սանչեսին մեղադրում են ցեղասպանության և 1982-83թթ. Կիչեում 1.7 հազար հնդկացիների սպանության մեջ:
2 մեղադրյալներն էլ հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ այդ երկարաժամկետ ազատազրկումը նրանց համար կարող է դառնալ ցմահ, քանի որ 2-ն էլ բավականին մեծ են արդեն: Գվատեմալայում, սակայն, պատժի առավելագույն ժամկետը 50 տարին է:
Մարտ ամսից՝ գործընթացի սկզբից, ցուցմունք են տվել 94 վկաներ, գործին կցված են նաև Ռոդրիգես Սանչեսի ստորագրությամբ փաստաթղթեր, որոնցում նշվում է, որ խաղաղ բնակչությունը համարվում էր այն ժամանակվա Գվատեմալայի ռեժիմի գլխավոր ներքին թշնամին:
Մեղադրող կողմը հայտարարել է, որ հենց Ռիոս Մոնտն է եղել նման դաժան հաշվեհարդարի հեղինակը:









































