Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է տնտեսության վիճակը, և մասնակիցները արձանագրել են, որ այդ ոլորտում կան խնդիրներ, որոնց վերացումը ազգային անվտանգության հարց է: Այսինքն՝ Ռուսաստանում անուղղակիորեն ընդունում են, որ տնտեսական վիճակը հասել է ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակի: Իսկ քանի որ Հայաստանի տնտեսությունը որևէ քայլ հետ չի մնում Ռուսաստանից և՛ զարգացման, և՛ անկման դեպքում, ապա կնշանակի, որ Մոսկվայում փաստացի հայտարարվել է նաև Հայաստանի տնտեսության սպառնալից վիճակի մասին: Իսկ այդ ընթացքում Երևանում քննարկում են կառավարության կազմի փոփոխությունները՝ կոալիցիոն նոր պայմանավորվածությունների տրամաբանության շրջանակում: Ընդ որում, այդ քննարկումներից հասարակությանը ոչինչ հայտնի չէ: Այսինքն՝ ոչ մի բան պարզ չէ, թե, ասենք, հանդիպելով նախագահական նստավայրում, ինչ են խոսում Սերժ Սարգսյանն ու Դաշնակցության պարագլուխները, կամ ինչ են խոսելու ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, ընդհանրապես ինչ են ենթադրում այդ կոալիցիոն բանակցություններ ասված քննարկումները՝ լինեն դրանք ֆորմալ կոալիցիայի թե ոչ ֆորմալ կոալիցիայի վերաբերյալ:
Հարգելով անմեղության կանխավարկածը՝ ենթադրենք, որ այդ քննարկումների մասնակիցները տոգորվում են պետության ճակատագրի հանդեպ մտահոգությամբ և բացառապես այդ դիրքերից են մասնակցում նման քննարկումների: Դա ենթադրում է, որ այդ քննարկումներում շոշափվում են հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են պետականության ապագային, ամրությանը, հասարակական շահերին: Եվ ուրեմն հարց է առաջանում, թե ինչո՞ւ հասարակությունից գաղտնի, ինչո՞ւ այդ քննարկումները տեղի չեն ունենում հասարակությանը ներկայացվող հստակ օրակարգով, որպեսզի պարզ լինի, քաղաքացիները տեսնեն ու գնահատեն, թե հանուն պետության, հանուն ազգի ապագայի, անվտանգության՝ ինչ են խոսում ու քննարկում Սերժ Սարգսյանը, դաշնակցական լիդերները, ԲՀԿ-ականներն ու ՀՀԿ-ականները:
Եթե այդ քննարկումների օրակարգը, բովանդակությունը հասարակության համար փակ է, եթե հասարակությանը չի ներկայացվում, թե, օրինակ, ինչի դիմաց ինչ պահանջներ կամ պայմաններ են կողմերը դնում միմյանց առաջ՝ իհարկե, ազգի ճակատագրով մտահոգված, միմիայն ազգի համար, ապա մնում է եզրակացնել, որ իրականում այդ քննարկումները ազգի և պետության ճակատագրի հետ այնքան էլ կապ չունեն: Հակառակ դեպքում ինչո՞ւ դրանք պահել ազգից թաքուն: Առավել ևս, որ այդ քննարկումներում ներգրավված քաղաքական ուժերը, մեղմ ասած, երբեք չեն փայլել ավելորդ համեստությամբ և եթե անգամ գետնից մի փոքր չոփ են վերցրել ու գցել աղբամանը, ապա դրա մասին հանրությանը տեղեկացրել են տեղի ունեցածին տալով տիեզերական նշանակություն:
Եվ ուրեմն, ինչո՞ւ են հայրենիքի, ազգի ու պետության ճակատագրով ներշնչված, այսպես ասած, կառավարության կադրային փոփոխությունների շուրջ քննարկումներն ընթանում հույժ գաղտնի մթնոլորտում, փակ ռեժիմով: Որովհետև իրականում տեղի է ունենում ընդամենը քաղաքական առևտո՞ւր՝ ազգի ու պետության ճակատագրի հաշվին, ինչպես անկախության անցնող 25 տարիների ընթացքում, որի հետևանքով, ի դեպ, պետության որակն ու վիճակը ներկայումս անվտանգության սպառնալիքի աստիճանի են:





































