Անհանգստությունը մարդուն շատ անհարմարություններ է պատճառում: Քենթի համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել դրանցից ևս մեկը: Հետազոտությունը ցույց է տվել, որ տագնապի զգացողություն ունեցող մարդկանց մոտ ակտիվանում է նրանց գլխուղեղի աջ կիսագունդը, ինչը նրանց ստիպում է քայլելիս շեղվել դեպի ձախ: Այս մասին գրում է The Hindustan Times-ը:
Փորձարկումների ժամանակ կապել են մասնակիցների աչքերը և խնդրել նրանց ուղիղ քայլել դեպի նպատակակետը, որ մինչ այդ տեսել էին: Հետազոտողները նկատել են, որ տագնապի զգացողություն ունեցող մարդիկ շեղվում են ձախ ուղղությամբ: Դա վկայում է այն մասին, որ ակտիվացել է նրանց աջ կիսագունդը:
Մասնագետները հույս ունեն, որ այդ բացահայտումը կօգնի միակողմանի տարածական անտեսումով տառապող մարդկանց: Այդ ախտանիշով տառապող մարդիկ չեն արձագանքում աջ կամ ձախ տարածությունում գտնվող երևույթներին: Հավանաբար տագնապի մակարդակի նվազումը կբարելավի այդ մարդկանց վիճակը:









































