Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանիսյանը ծնվել է 1962 թվականին, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտն ու նույն ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետև Հրանտ Բագրատյանի կառավարությունում` 1993-1996 թթ. աշխատել է որպես ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: 1996-1997 թթ. էկոնոմիկայի նախարար է եղել, 1997-1998-ը` վարչապետի գլխավոր խորհրդական, 1998-1999 թթ.՝ ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար: 2001-ին եղել է «Մանեքս և Վալեքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ներդրումների գծով տնօրեն, 2001-2013 թթ.` «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի տնօրեն: Աշխատել է որպես Համաշխարհային բանկի կրթության բյուջետային և ֆինանսավորման բարեփոխումների ծրագրի, պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ծրագրի խորհրդատու:
ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը ծնվել է 1977-ին, սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում ու նույն ինստիտուտի ասպիրանտուրայում, 1997-1999 թթ. աշխատել է ֆինանսների նախարարությունում, 2001-2003թթ.-ը՝ Սևծովյան առևտրի ու զարգացման բանկի տնօրենների խորհրդում՝ որպես փոխտնօրեն, 2003-2008 թթ. դասավանդել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 1999-2002-ը եղել է ԿԲ նախագահի օգնական, 2002-2008 թթ.` ԿԲ-ում վարչության պետ: 2008-2013 թթ. ղեկավարել է կառավարության աշխատակազմը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը ծնվել է 1968 թվականին, սովորել նախ` ԵՊՀ-ում ու ասպիրանտուրայում, ապա` 1992-1998 թթ. ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994 թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998 թ.` փիլիսոփայության դոկտորի կոչում: 1998-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում: 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, 1999-2008 թթ.` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ: 2008-2010 թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, 2010-2013 թթ` ՀՀ ֆինանսների նախարար:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































