Ուժեղ ձյունն առաջիկա ժամերին կծածկի ԱՄՆ հյուսիս-արևելքը, հայտնում է Associated Press-ը: Վերջին տվյալներով՝ 11 նահանգների ղեկավարներ վատ եղանակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել:
Գործակալությունը, հղում անելով Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերին, նշում է, որ բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել տները: Եթե ինչ-որ մեկն էլ ճանապարհին է, ավելի լավ է՝ կանգ առնի, անվտանգ տեղ գտնի և սպասի, մինչև վատ եղանակն անցնի:
Օդերևութաբանները սպասում են, որ Վաշինգտոնում և Բալթիմորում, որտեղ սպասվում է աղետի հիմնական հարվածը, ավելի քան 60 սմ ձյուն կտեղա, Նյու Յորքում՝ ավելի քան 30 սմ: Քամու համադրությամբ, որի ուժը կարող է հասնել 80 կմ/ժ-ի, ուստի կարող են ձևավորվել մինչև 1,8 մ բարձրությամբ ձնակույտեր:
Արկանզասում և Թենեսիում արդեն 20-ական սմ ձյուն է տեղացել, Կենտուկիում՝ ավելի քան 30: Միսիսիպի նահանգում ձյան հետ 2 տոռնադո է գրանցվել:
Ուրբաթ երեկոյան միայն Վիրջինիա նահանգում 989 վթար է տեղի ունեցել:
Ավելի քան 3500 չվերթ է չեղարկվել Հյուսիսային Կարոլինայի օդանավակայաններում, չվերթներ են չեղարկվել նաև Ֆիլադելֆիայում, Վաշինգտոնում, Նյու Յորքում: Ավիաընկերությունները ծրագրում են նորմալ աշխատանքի վերադառնալ կիրակի օրվա կեսին:












































