Սիրիայում տիրող իրավիճակին ռազմական միջամտությունն անթույլատրելի է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատի: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և Նորվեգիայի կառավարության ղեկավար Յենս Ստոլտենբերգը:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքերով՝ Սիրիայում իրավիճակը ծայրահեղ բարդ է, գոյություն ունի վտանգ, որ հակամարտությունը կտարածվի հարևան շրջանների վրա, ինչպես նաև կա քիմիական զենք կիրառելու մտավախություն:
«ՄԱԿ-ի ԱԽ անդամները պետք է Դամասկոսին հստակ հասկացնեն, որ փոփոխությունների ժամանակն է և ժողովրդի պահանջն անհրաժեշտ է կատարել»,- նշել է Ռասմուսենը և ընդգծել, որ ներկայում ՆԱՏՕ-ի դերակատարումը սիրիական հակամարտությունում կայանում է նրանում, որպեսզի արդյունավետ կերպով ապահովի Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի անվտանգությունը:
2011թ. Նորվեգիայի ավիացիան մասնակցել է Լիբիայում ՆԱՏՕ-ի օդային գործողությանը: Նորվեգական F-16 կործանիչները ռմբակոծել են երկրի տարածքում գտնվող առանցքային ռազմական օբյեկտները: Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Ռասմուսենը բարձր է գնահատել նորվեգական ուժերի դերը Լիբիայի գործողությունում՝ նշելով, որ նույնիսկ ոչ մեծ պետությունները կարող են էական ներդրում ունենալ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական գործողությունում:









































