Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երկրի բնակիչներն այսօր գիշերը և հաջորդող ողջ ամսվա ընթացքում կարող են տեսնել բացառիկ ու զարմանալի պատկեր. Արեգակնային համակարգի միանգամից հինգ մոլորակներ՝ Մերկուրին, Վեներան, Սատուրնը, Մարսն ու Յուպիտերը, կկանգնեն մեկ շարքում Կույսի ու Կարիճի համաստեղություններում։ Այս մասին հայտնել է NASA-ն։
Վերջինիս մոլորակագիտության դեպարտամենտի ղեկավար Ջիմ Գրինը հայտարարել է, որ NASA-ի տիեզերանավերն ու զոնդերն այցելել են բոլոր հինգ մոլորակներ և պարզել այդ ամենը։ Նա հավելել է, որ NASA-ի տիեզերանավերն ու զոնդերն այցելել են նաև Ուրան, Նեպտուն ու Պլուտոն, և որ իրենք հպարտ են, որ ամերիկյան հետաքրքրասիրությունը, տեխնոլոգիաներն ու համառությունը հնարավորություն են տալիս բացահայտել Արեգակնային համակարգի կյանքի շատ գաղտնիքներ։
NASA-ի մոլորակագետներն ընդգծել են, որ Երկրի բնակիչները վերջին 11 տարում առաջին անգամ կարող են հետևել տիեզերական այդ հազվագյուտ երևույթին, երբ Արեգակնային համակարգի 5 մոլորակները մեկ շարք են կազմում գիշերային երկնքում և արևածագից առաջ գործնականում տեսանելի կլինեն Երկրի բոլոր անկյուններից բոլոր դիտորդների համար։









































