Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները նավթի գնանկման պայմաններում մտադիր չեն հավելյալ ջանքեր գործադրել ազգային արժույթին աջակցելու համար և չեն մասնավորեցնի SOCAR պետական նավթային ընկերությունը՝ իր ռազմավարական ակտիվը։ Ալիևն այդ մասին հայտարարել է Դավոսի ֆորումի շրջանակներում։
Ընդգծվում է, որ նավթային եկամուտները կազմում են ադրբեջանական արտահանման մոտ 90 տոկոսը, և ազգային արժույթ մանաթը նավթի գների քառակի նվազման ֆոնին արժեզրկվել է կրկնակի՝ դոլարի հանդեպ արժեզրկվելով ավելի քան 50 տոկոսով։
Ալիևը հայտարարել է. «Ինչ վերաբերում է մանաթին, ապա ես կարծում եմ, որ մենք արդեն իսկ ձեռնարկել ենք ամեն անհրաժեշտ բան։ Կարծում եմ, որ այսօրվա փոխարժեքը կայուն է՝ հաշվի առնելով նավթի ներկայիս գները։
Եթե նավթը շարունակի անկում ապրել հետագայում, չեմ կարծում, թե մանաթը կտուժի դրանից։ Այժմ դա արդար փոխարժեք է»։
Երբ Ալիևին հարցրել են, թե արդյոք ռուսական ընկերությունները կարո՞ղ են մասնակցել ոչ վաղ անցյալում Ադրբեջանում հայտարարված մասշտաբային մասնավորեցման գործընթացին, Ալիևը պատասխանել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի մոտ ընկերն է: «Եթե ցանկանան, մենք միայն ուրախ կլինենք։ Դեռ չեն դիմել, մենք նոր ենք հայտարարել։ Շուտով կքննարկվի մասնավորեցման համար ընկերությունների ցանկը։ SOCAR-ը կշարունակի մնալ որպես պետության սեփականություն, քանի որ այն ռազմավարական ակտիվ է»,- ասել է նա։




































