Քուրդ զինյալներն այսօր սկսել են իրենց ջոկատների դուրսբերումը Թուրքիայի տարածքից: Ավելի վաղ կառավարությունը բանակցություններ էր անցկացրել ցմահ ազատազրկման դատապարտված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Մարտին 21-ին, երբ քրդերը նշում էին Նոր տարին, նա PKK-ի զինյալներին կոչ էր արել վայր դնել զենքն ու լքել Թուրքիայի տարածքը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Զենքի կիրառումից հրաժարվելու գլխավոր նախապայմանը Օջալանի և PKK-ի բանտարկված այլ անդամների ազատ արձակումն է: Երկրորդ փուլը ենթադրում է Թուրքիայի կառավարության կողմից մի շարք բարեփոխումների անցկացում՝ ներառյալ PKK-ի դեմ պայքարում կիրառվող անվտանգության ուժերի հատուկ և մասնավոր կառույցների վերացում, ինչպես նաև անհրաժեշտ սոցիալ-հասարակական մթնոլորտի ստեղծում: Ենթադրվում է, որ երրորդ փուլի ընթացքում կմշակվեն մեխանիզմներ, որոնք իրավահավասարություն ու ազատություն կապահովեն քրդական բնակչության համար:








































