ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են փախստականների հետ կապված իրավիճակը՝ հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահն ամերիկացի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել հունվարի 12-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Գերմանիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Երկու առաջնորդները քննարկել են փախստականներին առնչվող ճգնաժամին Եվրոպայի պատասխանը, այդ թվում՝ Սիրիայի հարցով փետրվարի 4-ին կայանալիք առաջիկա (դոնորական) համաժողովը»,- ասվում է հաղորդագրությունում։
Սպիտակ տունը հավելել է, որ երկու ղեկավարները դիտարկում են այդ ֆորումը որպես կարևոր հնարավորություն սիրիական մարդասիրական ճգնաժամի լուծմանն ուղղված միջազգային ջանքերի ընդլայնման համար։
«Երկու առաջնորդները տրամադրված են առաջիկա ամիսներին համատեղ աշխատանքի՝ օգնելու պաշտպանել և ամեն անհրաժեշտությամբ ապահովել միլիոնավոր մարդկանց, որոնց կյանքն արմատապես փոխվել է պատերազմի հետևանքով»,- ասվում է ԱՄՆ վարչակազմի հաղորդագրությունում։
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Օբաման նաև հայտնել է Մերկելին 2016-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի երկրների առաջնորդների համար գագաթնաժողովի անցկացման ծրագրերի մասին՝ սահմանելու փախստականների խնդիրների լուծման գործում օգնության հարցով նոր պարտավորություններ։











































