Այսօր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է (World Red Cross and Red Crescent Day), որը նշվում է ամեն տարի՝ սկսած 1953թ. մայիսի 8-ից: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Այս օրն է ծնվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հիմնադիր, շվեյցարացի մարդասեր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անրի Դյունանը (1828-1910):
1859թ. իտալա-ֆրանսիական պատերազմի ժամանակ նա Սոլֆերինոյի մոտ օգնություն կազմակերպեց վիրավորներին: Պատերազմը 19-րդ դարի ամենաարյունալի ճակատամարտերից էր:
Կռվող կողմերի սանիտարական ծառայությունները ի վիճակի չէին օգնել ստեղծված իրավիճակում: Դյունանը ակտիվորեն օգնում էր բոլոր վիրավորներին՝ անկախ ազգային պատկանելությունից, կամավորական խմբեր էր կազմում հարևան գյուղերի բնակիչներից: Նրա Tutti Fratelli («Մենք բոլորս եղբայրներ ենք») կարգախոսը դարձավ օգնության ցուցաբերման հետագա կարգախոս:
1863թ. Ժնևում տեղի ունեցավ միջազգային համաժողով, որին մասնակցում էր 14 երկրի ներկայացուցիչ: Այն ընդունեց մի շարք որոշումներ ու խորհուրդներ, այդ թվում՝ յուրաքանչյուր երկրում ստեղծվեցին կամավորական կոմիտեներ՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Որպես տարբերակիչ նշան՝ 1864թ. ընդունվեց կարմիր խաչը սպիտակ ֆոնի վրա (Շվեյցարիայի դրոշի գույների միանգամայն հակառակ դասավորությունը):
Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ՝ 1876-1878թթ., Օսմանյան կայսրությունը հայտարարեց որպես պաշտպանիչ նշան օգտագործել կարմիր մահիկը՝ կարմիր խաչի փոխարեն:
Ժամանակակից Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անկախ ու չեզոք կազմակերպություն է, որը զբաղվում է զինված կոնֆլիկտների ու ներքին անկարգությունների հետևանքով տուժածներին ու վիրավորներին օգնություն ու պաշտպանություն ցուցաբերելով:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնակայանը Ժնևում է: Ներկայում կազմակերպությունը ունի մոտ 13 հազար աշխատակից՝ ավելի քան 125 երկրում, և գործում է աշխարհի 88 երկրում:









































