Թուրքիայի Էրզինջանի (Երզնկա) պատմական հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է արկածախնդիր գանձ որոնողների թիրախում: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը տեղեկացնում է, որ գանձ որոնողների կողմից իրականացվող փորման աշխատանքների հետևանքով եկեղեցին զգալիորեն վնասվել է:
Եկեղեցու մոտակայքում բնակվող Թոլգա Գյուրունն «Ակոսին» հայտնել է, որ 5 տարի առաջ գողացվել էին եկեղեցու սրբապատկերները: Նա ահազանգ է հայտնել, որ եթե պատմական կոթողի շուրջ անվտանգություն չսահմանվի, ապա եկեղեցուն հասցվող վնասի չափը կմեծանա:
Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերանորոգումն իրականացվելու էր Էրզինջանի նահանգապետարանի կողմից, սակայն նահանգապետի փոխվելուց հետո որևէ քայլ դեռևս չի ձեռնարկվել վերանորոգման ուղղությամբ: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եկեղեցու երկրորդ հարկում փլուզում է ի հայտ եկել:











































