Նավթի համաշխարհային գների շարունակական անկման և ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի մոտ 100 տոկոսով արժեզրկման հետևանքով խորը տնտեսական ճգնաժամում և նոր տնտեսական-քաղաքական իրավիճակում հայտնված Ադրբեջանի կառավարությունը 4 նախարարությունների հետ 6 պետական կոմիտեներ վերացնելու և որոշների լիազորությունները սահմանափակելու ուղղությամբ առաջարկներ է պատրաստում: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի կառավարության կազմը մոտ ժամանակում 40-50 տոկոսով կնորացվի, և օլիգարխներին փոխարինելու կգան տեխնոկրատները: Այս մասին հայտնում է istiqlal.az լրատվական կայքը` հղում անելով ադրբեջանական կառավարության աղբյուրներին:
Աղբյուրի խոսքով`նախատեսվում է առաջինը կրճատել գյուղատնտեսության նախարարությունը և դրա լիազորությունները կիսել էկոնոմիկայի նախարարության ու բնապահպանության և բնական պաշարների նախարարության միջև: Բացի այդ, կմիացվեն առողջապահության ու աշխատանքի և բնակչության սոցիալական ապահովության նախարարությունները: Կվերացվեն ստանդարտացման, չափաբանության և արտոնագրերի գծով պետկոմիտեները, որոնց գործառույթները կհանձնվեն էկոնոմիկայի նախարարությանը, կվերացվի նաև արժեթղթերի գծով պետկոմիտեն, որի լիազորությունները կհանձնվեն ֆինանսների նախարարությանը: Կվերացվեն նաև ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների գծով պետկոմիտեն, պետական քաղաքաշինության եւ ճարտապետության կոմիտեն, վիճակագրության կոմիտեն, սփյուռքի հետ աշխատանքների գծով պետկոմիտեն, որոնց լիազորությունները կհանձնվեն այլ կառույցների:
Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում վերացվել էր պետական հողերի և քարտեզագրման կոմիտեն ու գնումների գծով պետական գործակալությունը:









































