Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրոպա փախստականների հոսքի դեմ պայքարի պլանը, որը նախատեսում է ֆինանսական օգնություն և Թուրքիայի հետ երկխոսության ակտիվացում, անհրաժեշտ է կատարել առաջիկա շաբաթներին։
Այդ պլանը վերջնականապես համաձայնեցվել էր նոյեմբերի 29-ին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ։ Դրա համաձայն՝ Թուրքիան պետք է նպաստի ԵՄ ներգաղթյալների հոսքի կրճատմանը, նրանց համար իր տարածքում ստեղծի ավելի լավ կենսապայմաններ, ինչի դիմաց նա ԵՄ-ից կստանա 3 միլիարդ եվրո, վիզային ռեժիմի ազատականացում և ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների ակտիվացում։
Ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում՝ Յունկերը հայտարարել է. «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ հասնելու համար այն որոշումների կատարմանը, որոնք մենք ընդունել ենք Նախարարների խորհրդում ու Եվրոպական խորհրդում։
Դա առնչվում է նաև Թուրքիայի հետ գործողությունների համատեղ պլանի իրագործմանը։ Շուտափույթ անհրաժեշտ է, որ Թուրքիայի հետ գործողությունների համատեղ պլանի բոլոր նորմերը կոնկրետ իրագործվեն առաջիկա շաբաթներին»։









































