Ալանը խաղալիք կատու ընկերակից է՝ մշակված Hasbro ընկերության կողմից: Նա ոչ միայն խաղալու, այլև ավելի լուրջ խնդիրներ լուծելու համար է, ինչպիսին է, օրինակ, միայնությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ռոբոտը պատրաստվել է այնպես, որ ամեն ինչով նման լինի իսկական կատվին: Այն շատ համոզիչ մռռում է և մլավում, փափուկ է, և հաճելի է նրան շոյելը:
«Շատ հաճելի է լսել նրա մռռոցը: Մի շարք պատճառներով ես որոշել եմ, որ դեռևս չեմ կարող կրկին իսկական կատու պահել»,- ասում է Միրիամ Բիմսը, ում իսկական կատուն՝ Յամ-Յամը, սատկել է մի տարի առաջ:
Ռոբոկատուն շփումներին արձագանքում է պարզ սենսորների օգնությամբ: Ալանը մլավում է, երբ նրա մեջքը շոյում են կամ երբ քորում են վիզը, իսկ երբ մթնում է, Ալանը սկսում է հորանջել և նիրհել: Նրա բոլոր շարժումները ինքնաբուխ են, և դա ավելացնում է իրատեսությունը:
«Մենք չենք կարծում, որ այն կփոխարինի իսկական կատվին,- խոստովանում է Hasbro-ի փոխնախագահ Թեդ Ֆիշերը:- Պարզապես ցանկանում ենք ստեղծել ինտերակտիվ ընկերակից, որը կլինի ճանաչելի և տեսքով նման իսկականին»:













































