Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքի հուղարկավորման բյուրոն, որը զբաղվում է Բոստոնի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ, 26-ամյա Թամերլան Ցարնաևի հուղարկավորման հարցերով, մինչ օրս չի կարողացել տեղ գտնել նրան հուղարկավորելու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հուղարկավորման բյուրոյի սեփականատեր Փիթեր Ստեֆանի խոսքով՝ իրենք ողջ ժամանակ հեռախոսով փորձում են լուծել այդ հարցը, սակայն ում հետ կապվում են, բոլորն էլ ցանկանում են, որպեսզի Ցարնաևի աճյունը ուղարկվի Ռուսաստան:
Ավելի վաղ նա վստահություն էր հայտնել, որ Ցարնաևի հուղարկավորությունը կկատարվի մայիսի 6-ի մայրամուտին, ինչպես պահանջում է մուսուլմանական ավանդույթը: Երեք նահանգների՝ Մասաչուսեթսի, Կոնեկտիկուտի և Նյու Ջերսիի իշխանությունները հրաժարվել են Ցարնաևի հուղարկավորման համար տեղ տրամադրել:
Ամերիկյան հասարակությունն առաջարկում է նրա դին ուղարկել Ռուսաստան կամ հուղարկավորել ծովում, ինչպես 2011-ին՝ Բեն Լադենի դին, կամ էլ դիակիզման ենթարկել:








































