Իրանի իշխանությունները ծրագրում են ազատ արձակել ևս մեկ բանտարկված ամերիկացու: Այս մասին հայտնել է AP գործակալության դիվանագիտական թղթակից Մեթ Լին՝ հղում անելով ԱՄՆ իշխանությունների ներկայացուցչին:
«ԱՄՆ ներկայացուցիչը հաղորդել է, որ Իրանը ազատ կարձակի նաև բանտարկված հինգերորդ ամերիկացուն»,- գրել է նա Twitter-ում: Նրա խոսքով՝ «դա կապված չէ բանտարկյալների փոխանակման հետ», ինչի մասին հայտարարվել էր ավելի վաղ:
Լին հստակեցրել է, որ խոսքը «Թեհրանում մի քանի ամիս առաջ բանտարկված ուսանողի մասին» է: «Դա Լևինսոնը չէ»,- գրել է լրագրողը:
ԱՄՆ-ը արդեն վաղուց ձգտում է հասնել իր քաղաքացի Ռոբերտ Լևինսոնի ազատ արձակմանը կամ նրա ճակատագրի մասին որևէ տեղեկության ստացման: Նա անհետացել է 2007 թվականի մարտին Իրանի Քիշ կղզու շրջանում: Ավելի վաղ նա աշխատել է ՀԴԲ-ում և զբաղվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը համաձայնել է ազատ արձակել չորս ամերիկացի բանտարկյալների: Դրան ի պատասխան՝ ԱՄՆ-ը ազատ կարձակի յոթ իրանցիների:











































