Երեկ գրիպի Ա տեսակի H1N1 վարակից 3 մահվան դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ այդ վարակից, ժողովրդին ավելի հայտնի՝ խոզի գրիպից արձանագրվել է մահվան 14 դեպք, որից 3-ը` 2015 թվականին է եղել: Ըստ առողջապահության նախարարության տվյալների, երեկվա դրությամբ սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով, որոնցից 231-ը անչափահաս են: Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ, որոնցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք: Չնայած նրան, որ հանրության մի մասի մոտ խուճապ է նկատվում, և մարդիկ մտահոգվում են, թե ինչու հանրապետությունում համաճարակային իրավիճակ չի հայտարարվում, Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է. «Խուճապ չկա, ես դեմ եմ խուճապին՝ անկախ նրանից, թե ինչով է դա բացատրվում»:
Ինչ վերաբերում է համաճարակին, Մուրադյանը նշեց՝ որպեսզի համաճարակային իրավիճակ լինի, փաստացի հիվանդացության վերջին տարիների միջին ցուցանիշը պետք է գերազանցի 4-5 անգամ. «Օրինակ՝ ժանտախտի դեպքում 2 դեպքը բավական է, որ հայտարարվի համաճարակ: Այսօր պաշտոնապես հայտարարում եմ՝ համաճարակ չունենք Հայաստանում»:
Որոշ մասնագետներ ասում են, որ համաճարակային իրավիճակ հայտարարելու դեպքում բազմաթիվ հիմնարկներ են փակվում, թռիչքներ են դադարեցվում, այսինքն՝ երկրի բնականոն կյանքը կտրուկ փոխվում է, ինչը հսկայական ծախսերի ու վնասների հետ է կապված: Այս դիտարկմանը նախարարը պատասխանեց. «Եթե համաճարակային իրավիճակ հայտարարվի՝ հիվանդանոցներում լրացուցիչ մահճակալային ֆոնդը կավելացվի, ախտահանման միջոցառումները կշարունակվեն, կուժեղացվեն, կարգելվեն զանգվածային միջոցառումները, օրինակ՝ թատրոններում՝ ներկայացումներ, համերգներ, կինոթատրոնների գործունեությունը կարգելվի: Այդպիսի բան չկա, դրա կարիքն էլ չկա, որ դադարեցվի նման օբյեկտների գործունեությունը: Մենք հիմա Հայաստանի սահմանային անցակետերում կանխարգելիչ բոլոր միջոցառումներն իրականացնում ենք»: Քաղաքացիներն ու բուժհիմնարկների աշխատակիցները մեզ ահազանգում են, որ հիվանդանոցներում «տեղ ու դադար չկա», մարդիկ պատմում են, որ հաճախ հիվանդանոցներում հրաժարվում են հոսպիտալացնել, բայց կլորիկ գումար վճարելուց հետո առանձին ազատ հիվանդասենյակ է «բացվում»:
Այս առնչությամբ էլ պարոն Մուրադյանը վստահեցրեց. «Հատուկ հանձնարարական է տրված՝ անկախ սոցիալական խմբերում ներգրավվածությունից, այն բոլոր հիվանդները, որոնք գրիպի ակտիվության հետ կապված դիմել են հիվանդանոց և հոսպիտալացվել են, պետք է պետպատվերով բուժում ստանան: Ինչպես նաև իրենց տեղամասային պոլիկլինիկաներում քաղաքացիներին տրվող դեղորայքն ու բուժումը պետք է լինեն անվճար»:
«Առավոտի» այն հարցին էլ՝ հանրության շրջանում կարծիք կա, որ եթե նախարարությունն ավելի վաղ սկսեր իրազեկման և կանխարգելիչ աշխատանքները, ապա վարակի տարածումը շատ չէր լինի, մարդիկ ամանորյա օրերին կխուսափեին տնետուն գնալ, շատ շփումներ ունենալ, Արմեն Մուրադյանը պնդել է, որ նախարարությունը համապատասխան աշխատանքները չի ուշացրել. «Եթե մենք ակտիվ իրազեկման և պարզ ինֆորմացիոն աշխատանքներ չվարեինք, զուգահեռ կանխարգելիչ և ամենօրյա բուժական աշխատանքներ չանեինք, գուցե ունենայինք շատ ավելի շատ ծայրահեղ դեպքեր, անհամեմատ ավելի մեծ կորուստներ: Ծայրահեղ ծանր դեպքերը հիմնականում առաջին օրերի հիվանդացություններն էին, որոնք, ցավոք, երկար պայքարից հետո որոշ դեպքերում մահով ավարտվեցին: Այդ օրերին մարդիկ իրենց հանգիստ, տոնական բարեկեցիկ օրերը չէին ուզում փոխել, մտածում էին՝ թեթև հազում եմ, ջերմում են, ոչինչ, տոները կանցնեն՝ բժիշկ կկանչենք: Ասեմ, որ անկախ տոներից և անկախ նրանից, թե ինչպիսի տպավորություն է եղել, բոլոր օրերին և մենք, և բուժհիմնարկներում տրվել է բուժօգնություն: Իրազեկումը միշտ եղել է բոլոր հնարավոր միջոցներուվ: Սեզոնային խնդիրներ կան, սա առաջին տարին չէ, բոլոր տարիներին այս սեզոնին իրազեկումը բարձրացվում է»:
Նախարարը մի դեպք պատմեց, երբ հղիներին իրավապահ մարմինների միջոցով են փորձել արգելել տանից դուրս գալ. «Երբ մենք տեսանք բարձր ջերմությունով 2 հղի կին, անգամ թոքաբորբի պատկեր ունեինք, մենք չէինք ուզում նրանց թույլ տալ դուրս գալ, բայց հարազատներն ասում էին՝ մեր հարազատի հարսանիքն ա, պիտի գնանք, հվանդանոցից մի հատ գնանք հարսանիք, էլի գանք:
Ուզում էինք ոստիկանությունով արգելել, չստացվեց: Մեր հանրության շրջանում կա այդ սովորությունը, որքան ուզում ես՝ արգելեր, ինչպես հայ տղամարդիկ են իրար ողջունում գրկախառնվելով, այնպես էլ Նոր տարվա օրերին բազմաթիվ այդ սերտ կոնտակներն էին, որոնցից որևիցե կերպ անհնար է խուսափել: Անգամ հիմա էլ, այսքան խոսում ենք, էլի անհնար է խուսափել: Մարդիկ ասում են՝ երբ վատ կլինեմ, ես կդիմեմ, ինձ մի սովորեցրու՝ ես ոնց առողջ մնամ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում












































