Եգիպտոսում կարող են փակել այն հյուրանոցները, որտեղ զբոսաշրջիկների հանդեպ սեռական ոտնձգություններ են կատարվում, հաղորդում է Interfax-ը:
Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուան սպառնացել է փակել այն հյուրանոցները, որոնցում զբոսաշրջիկներին անպարկեշտ առաջարկներ են անում:
Նախարարին նման վճռական քայլերի դրդել են զբոսաշրջային գործակալությունների բողոքները: Նա նշել է, որ արտասահմանյան գործակալություններն անհանգստացած են զբոսաշրջիկների հանդեպ որոշ հյուրանոցների աշխատակիցների պահվածքով, ինչի պատճառով գնալով ավելի քիչ թվով օտարերկրացիներ են Եգիպտոսն ընտրում որպես հանգստի վայր:
Նախարարը նաև նշել է, որ պատրաստ է հանդիպել Եգիպտոսի հյուրանոցների ասոցիացիայի հետ՝ իրավիճակը քննարկելու համար:
Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը տեղեկատվություն ունի սեռական ոտնձգությունների 150 գրանցված դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի տարիներին: Դրանցից երեքը բռնաբարություններ են, որոնք կատարվել են Շարմ Էլ-Շեյխ հանգստավայրում:







































