Մեկ տարվա ընդմիջումից հետո այս տարի «Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանից կմասնակցի «Դորիանս» խումբը՝ մենակատար Գոռ Սուջյանի մասնակցությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խմբի՝ մամուլի հետ կապերի պատասխանատու Դիանա Հովհաննիսյանն ասաց, որ խումբը «Եվրատեսիլ 2013»-ին հանդես կգա թարմ ոճով, որով դեռևս հանդես չի եկել: Խմբի ելույթի ժամանակ բեմում չեն լինի դեկորացիաներ և պարային շոուներ, քանի որ ռոքն իր որոշակի ոճն է պահանջում: Բեմն ընդամենը կունենա լուսային էֆեկտներ:
Ինչպես մեզ փոխանցեց Դ. Հովհաննիսյանը, «Դորիանսի» համար «Եվրատեսիլում» ելույթ ունենալը գերնպատակ չէ, սա ուղղակի խմբի ստեղծագործական կյանքի փուլերից մեկն է. «Եթե անգամ արդյունքները չլինեն այնպիսին, ինչպիսին որ մենք ենք ուզում (իսկ մենք իրականում լավ ակնկալիքներով ենք գնում մրցույթին), խումբը շարունակելու է իր գործունեությունը»:
Ինչ վերաբերում է երգի մասին կարծիքներին, մեր զրուցակիցն ասաց, որ դրանք տարբեր են. «Դորիանսի» երկրպագուներն ասում են, որ սա «Դորիանս» չէ. «Դա նորմալ է, որովհետև մենք չէինք կարող «Եվրատեսիլին» ներկայացնել մի երգ, որը մաքուր «Դորիանս» կլիներ, որովհետև Եվրատեսիլին ներկայացվելիք երգը պետք է լինի ունիվերսալ: Սակայն ասեմ՝ քանի որ «Դորիանսն» ու Թոնի Այոմին համահեղինակ են (խոսքերի հեղինակն էլ Վարդան Զադոյանն է), երգի մեջ «Դորիանսի» շունչը կա»:
Դիանան նաև ասաց, որ ասում են, թե երգը չի հաղթի, որովհետև շատ լավն է, «Եվրատեսիլում» այդպիսի երգերը չեն հաղթում, սակայն ըստ նրա՝ «Եվրատեսիլն», այսպես թե այնպես, լուրջ դրական ազդեցություն կունենա Դորիանսի վրա, որովհետև խումբը ձեռք կբերի ճանաչում՝ Հայաստանից դուրս:
Հավելենք նաև, որ մինչ «Եվրատեսիլը» «Դորիանսը» մայիսի 10-ին ելույթ կունենա Կոպենհագենում: Համերգին կմասնակցեն նաև լատվիական «Պեր» խումբը, որն այս տարի «Եվրատեսիլում» հատուկ հյուր է, և «Եվրատեսիլ 2013»-ում Ռուսաստանը ներկայացնող Դինա Գարիպովան: Հայաստանից «Դորիանսը» կմեկնի այսօր գիշերը:
«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա շվեդական Մալմո քաղաքում՝ մայիսի 14-ին, 16-ին և 18-ին: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը հանդես կգա մայիսի 16-ին՝ Lonely Planet երգով:









































