Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կիրակի օրը՝ Երևանի ժամանակով ժ. 14:30-ին, Պոլսո հայոց պատրիարքարանի` Ստամբուլի Գում Գափու թաղամասում գտնվող մայր եկեղեցին ենթարկվել է զինված հարձակման:
Մեր ունեցած նախնական տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձը պատարագի ժամանակ մոտեցել է պատրիարքարանի դռանը և ատրճանակով 7 անգամ կրակել օդ, հետո փախել է եկեղեցու տարածքից:
Այսօր տեղեկացանք, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու վրա հարձակում իրականացրած մարդու ինքնությունն առայժմ չի բացահայտվել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջի պատասխանատու Սարգիս Սերոբյանը նշեց, որ երեկ այդ պատճառով մեծ իրարանցում էր Թուրքիայում և հատկապես Ստամբուլում: Տեղական լրատվամիջոցները ամեն կերպ ցանկանում էին հավաստիացնել, թե կրակոցները ուղղված չեն եղել հայերի դեմ:
«Տպագրում և համացանցում տարածում են, թե կրակոցները հայերի հետ բոլորովին կապ չունեն՝ իբր այլ բողոքական եկեղեցու մոտ է եղել, բայց նրանք պարզապես ցածր գիտակցությամբ մարդիկ են, որոնք չիմանալով ճիշտ եկեղեցու անունը՝ տարածում են այն եկեղեցու անունը, որն իրենց ծանոթ է:
Ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կրակոցները պարզապես եղել են այդ ուղղությամբ և հայերին վնասելու որևէ նպատակ չեն ունեցել: Ասում են՝ գուցե պատահմամբ է եկեղեցի մտել»,- նշեց նա:
Սարգիս Սերոբյանը մեզ տեղեկացրեց, որ առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որոնք էին այդ կրակոցների պատճառները: Նրա դիտարկմամբ՝ դա հայերին վնասելու փորձ էր, որը իր նպատակին չծառայեց. «Ես քիչ հավանական եմ համարում, որ ոստիկանությունը սա կբացահայտի»:









































