ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» և շրջայց կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին։ Ինչ են սպասում ծրագրավորողները ոլորտի նկատմամբ վարչապետի հետաքրքրությունից։ Հերթական պարտականությո՞ւն, թե՞ գուցե նոր փոփոխությունների սկիզբ այս ոլորտում։ Կառավարությունից իր ակնկալիքների մասին մեզ պատմեց ծրագրավորող Գևորգ Գորգիսյանը։ Թեմայի մասին զրույցն սկսեց ծրագրավորողների հորինած հումորով։
Դեռ նախորդ կառավարությունը ՏՏ ոլորտը երկրի համար հռչակել էր գերակա ճյուղ։ Սակայն մինչև օրս ՏՏ ոլորտում հաջողությունները գրանցել են մասնավոր ընկերությունները իրենց ուժերով։
Երիտասարդ ծրագրավորողի համոզմամբ՝ ՏՏ ոլորտը այն սակավաթիվներից է, որն առանձնապես ներդրումներ չի պահանջում։ Ամեն ինչ կարող է սկսվել լավ ինտերնետից ու համակարգիչներից։
ՏՏ ոլորտը մարզերում զարգացնելու մասին մտածելն ավելորդ է։ Անուշադրությունն ու ամենաթողությունն այս մասին մտածել իսկ չի թողնում։ Սակայն հենց մարզերում զարկ տալով ՏՏ ոլորտի զարգացմանը և մասնագետների պատրաստմանը՝ կարելի է զսպել արտագաղթը երկրում։
ՏՏ ոլորտը ռազմական արդյունաբերությունը զարգացնելու առաջին խթանն է։ Այս առումով էլ, կառավարութունը չի նկատում իր բացթողումները, ասում է Գևորգ Գորգիսյանը։
Ի՞նչ է հիշում կառավարության աջակցությունից ՏՏ ոլորտի երիտասարդ ծրագրավորողը։ «Դեմ եմ» շարժումից հետո ոլորտին տրվել է հարկային որոշակի արտոնություններ, այն էլ՝ շահադիտական նկատառումով։
Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ կառավարությունը պատկերացում չի կազմում ոլորտի ներուժի մասին։
Իսկ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոլորտը առանց կառավարության աջակության զարգանալ ու լուրջ հաջողություններ գրանցել չի կարող։
Մինչև այս պահը զարգացումը ՏՏ ոլորտի ուսերին է եղել։ Այժմ իրենք մշակել են ծրագիր, որով պետք է հանրակրթական դպրոցներում անցկացնեն ինժեներական ծրագրեր։
Այսպես կոչված՝ ուղեղների արտահոսքի մասին խոսելիս Հայկ Չոբանյանը նշեց՝ այդ առումով մեր երկիրը լքում են քչերը, բայց լավագույնները։









































