Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ վրացական կողմը դիտարկում է այն հնարավորությունը, որը Վրաստանին ու ԱՄՆ-ին հնարավորություն կտա աջակցել միմյանց միջև առևտրին ու ներդրումների ներգրավմանը։
Ջանելիձեն այդ մասին հայտարարել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, որի ժամանակ նրան հարց են ուղղել ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ձևակերպման հնարավորության մասին։
Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ամերիկյան կողմի հետ տարվում են համապատասխան բանակցություններ և արդյոք դա առաջնահերթ հարց է Վրաստանի կառավարության համար։
Ի պատասխան՝ Ջանելիձեն հայտարարել է, որ Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև երբեք էլ չեն սկսվել ազատ առևտրի մասին բանակցություններ։ Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև գոյություն ունի բարձր մակարդակի առևտրային ու ներդրումային երկխոսություն, որի շրջանակներում երկու երկրները մշտապես դիտարկում են երկկողմ ազատ առևտրի ռեժիմի հնարավորությունը։









































