Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի առաքելությունը ներկայումս չի իրականացնում Իրանի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման որևէ նախապատրաստություն, որն ամերիկյան աղբյուրների համաձայն, կարող է մոտ ժամանակներս տեղի ունենալ Ժնևում։
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի ժնևյան շտաբ-բնակարանում Իրանի մշտական ներկայացուցչությունը. «Որևէ ցուցում դեռ չի ստացվել։ Մենք գտնվում ենք սպասողական վիճակում։ Դեռ որոշում ընդունված չէ (Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի) այցի մասին։ Ներկա դրությամբ ոչինչ պատրաստված չէ (հնարավոր հանդիպման համար)»։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ մոտ ժամանակներս Ժնևում նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-Իրան-ԵՄ հանդիպում՝ նվիրված իրանական միջուկային ծրագրին։ Հաղորդվել էր, որ տվյալ հանդիպմանը կարող է մասնակցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը ներկայումս գտնվում է Լոնդոնում։









































