ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն գողացել է Սիրիայի տարածքում արդյունահանված նավթի մեծ մասը և ուղարկել Թուրքիա՝ Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը։
«Հինգ տարի առաջ մենք մոտ 400 հազար բարել նավթ էինք արդյունահանում, մի մասը սպառում էինք Սիրիայում և մի որոշ քանակություն՝ արտահանում։ Այդ նավթը հիմա գողացվել է ԴԱԻՇ-ի կողմից և ուղարկվել Թուրքիա»,- ասել է Մուալեմը։
Ռուսաստանի ՊՆ-ն 2015-ի դեկտեմբերին ապացույցներ է ներկայացրել սիրիական սահմանով դեպի Թուրքիա նավթի լայնածավալ փոխադրմանը ջիհադիստների մասնակցության վերաբերյալ։ Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե ապացուցվի ԴԱԻՇ-ի նավթային բիզնեսին իր ընտանիքի մասնակցությունը։
ԴԱԻՇ-ի ամսական եկամուտը կազմում է մոտ 80 մլն դոլար, այդ գումարի 43 տոկոսը բաժին է ընկնում նավթի առևտրին։










































