ԱՄՆ-ը կրկին հայացքն ուղղում է դեպի Ռուսաստան՝ պատրաստելով նոր միջոցներ Սիրիայի դեմ: Այս մասին հաղորդում է The Salt Lake Tribune-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը փորձում է ապացուցել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը իրականում կիրառել է քիմիական զենք և պատրաստում է հերթական դիվանագիտական, հավանական է նաև՝ ռազմական հարված՝ երկրում քաղաքացիական պատերազմն ավարտելու համար: Այս փորձերը սկսվում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվա կատարած այցից:
«Ռուսաստանը Սիրիայի ամենաուժեղ միջազգային ընկերն է»,- նշում է թերթը:
Պարբերականի կարծիքով՝ Մոսկվան իրենից ներկայացնում է ամենաբարդ դիվանագիտական փորձն ԱՄՆ-ի համար, որը փորձում է հավաքել գլոբալ կոալիցիա: Չնայած Վաշինգտոնը պատրաստ է գործել Ռուսաստանի կամ առանց նրա օգնության, բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ համակարգված ակցիան՝ ուղղված պատերազմի ավարտին, ավելի հեշտ կլիներ, եթե դրան մասնակցեր նաև Մոսկվան՝ ընդգծում են հոդվածագիրները և հավելում, որ Չինաստանը, ամենայն հավանականությամբ, հետևում է Ռուսաստանի օրինակին:








































