ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ֆրանսիայի պահանջով հունվարի 15-ին նիստ կանցկացնի Սիրիայի պաշարված քաղաքների իրադրության շուրջ: Բաց հանդիպմանը, որը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 24:00-ին, ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ինչպես լրագրողներին հայտնել է Նոր Զելանդիայի մշտական ներկայացուցիչ Ջերարդ վան Բոհեմենը, նիստում չի ծրագրվում ընդունել որևէ որոշում: «Մենք արդեն ունենք բոլոր անհրաժեշտ բանաձևերը»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ այժմ հարկավոր է հասնել դրանց կատարմանը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայում քաղաքների շրջափակումը որակել է ռազմական հանցագործություն և հայտարարել, որ հակամարտության բոլոր կողմերը մեղավոր են խաղաղ բնակիչների տառապանքների համար: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ պաշարման մեջ են ապրում շուրջ 400 հազար սիրիացիներ, որոնցից 200 հազարը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող շրջաններում, իսկ մնացածը շրջափակված են կառավարության և ընդդիմության ուժերի կողմից։









































