Բրիտանիայի միապետները համընդհանուր ցուցադրության են դնում հագուստներ և աքսեսուարներ, որոնք մի ժամանակ կրել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, նրա քույրը՝ արքայադուստր Մարգարետը, և ХХ դարի նորաձևության խորհրդանիշ՝ հանգուցյալ արքայադուստր Դիանան: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Historic Royal Palaces բարեգործական միության պնդմամբ՝ ցուցահանդես այցելող յուրաքանչյուր ոք կկարողանա հետևել, թե ինչ էվոլյուցիա է ապրել նորաձևությունը, և որքան ճշգրիտ են դրան համապատասխանել արքայական ընտանիքի անդամները:
Ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել արքայադուստր Մարգարետի 1940-50-ականների նորաձև հագուստները, նաև թագուհու կրտսեր քրոջ Yves Saint Laurent և Christian Dior ակնոցները:
Ցուցահանդեսում կներկայացվեն Եղիսաբեթ II-ի 1960-70-ականների մետաքսե, ատլասե, օրգանզայից զգեստները, այդ թվում՝ իսկական արվեստի գործեր, որոնք նախատեսված են եղել Ֆրանսիա և Մերձավոր Արևելք նրա այցերի համար:
Կազմակերպիչները կանխատեսում են, որ առավել մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել, օրինակ, այնպիսի նմուշները, ինչպիսին է արքայադուստր Դիանայի հայտնի մուգ կանաչ թավշյա զգեստը Քեթրի Ուոքերից, որը նա կրել է Մարիո Տեստինոյի 1992թ. ֆոտոշարքի համար, իսկ 1997թ. այն վաճառվել է Christies-ի աճուրդում:











































