Ռուսաստանը միակ «բանալին» է, որի շնորհիվ հնարավոր է դադարեցնել պատերազմը Սիրիայում, չեզոքացնել քիմիական զենքի կիրառման վտանգը և խուսափել երկրում արտասահմանյան զորքերի մուտքից: Այս մասին The Jewish Press-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից, բժիշկ Դանի Շոհամը: Ինչպես հիշեցնում է պարբերականը, նախկին մակրոկենսաբանը և քիմիկոսը մասնագիտացած է Մերձավոր Արևելքում քիմիական և կենսաբանական զենքի գործում և համարվում է Սիրիայի հարցով իսրայելցի լավագույն փորձագետներից մեկը:
Այն, որ Սիրիայում կիրառվել է քիմիական զենք, կասկած չկա՝ ենթադրում է Շոհամը: Նա 99%-ով համոզված է, որ նման ռազմական հանցագործություն իրականացրել են Սիրիայի իշխանությունները, ոչ թե ապստամբները:
«Իրավիճակի լուծումը պետք է գա Ռուսաստանից: Ռուսաստանը պետք է Սիրիային ստիպի դիվանագիտական ուղով լուծել ճգնաժամը»,- ասել է փորձագետը և հավելել, որ «ԱՄՆ-ը գիտի դա»:
Պարբերականը գրում է, որ կարելի է միայն ենթադրել, թե ինչ կերպ դա տեղի կունենա: Շոհամը հիշեցնում է, որ մոտակա շաբաթներին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«Պուտինը հնարավորություն ունի խաղալ համաշխարհային առաջնորդի դեր և ճնշում գործադրել Բաշար Ալ-Ասադի վրա, եթե, իհարկե, արդեն չափազանց ուշ չէ»,- եզրափակում է պարբերականը:











































