Curiosity մարսագնացը ցույց է տվել, որ Կարմիր մոլորակում շատ ծծումբ կա: Գիտնականներն ապացուցել են, որ դրա օգնությամբ կարելի է ստեղծել շինանյութեր, հայտնում է vlasti.net-ը:
ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի հետազոտողները ցեմենտ են մշակել, որը կազմված է ծծմբից և Մարսի հողից: Ապագայում Կարմիր մոլորակը գաղութացնող մարդկանց հարկ կլինի շինանյութերի արտադրություն կազմակերպել տեղում, քանի որ դրանք Երկրից տանելը շատ թանկ կլինի:
Ինչպես ասված է գիտնականների զեկույցում` այդպիսի ցեմենտի արտադրության համար հարկավոր է ծծումբ, որը անհրաժեշտ է տաքացնել մինչև հեղուկ վիճակ և որոշակի չափաքանակով խառնել Մարսի հողին: Արդյունքում կստացվի ամուր և դիմացկուն ցեմենտ, որն անհրաժեշտության դեպքում հեշտ է վերամշակել` կրկին այն տաքացնելով:
Հետազոտողների այդ հայտնագործումը նշանակում է, որ Մարսի գաղութարարներին հարկ չի լինի այնտեղ շինանյութ տանել: Բավարար կլինի մոլորակ տեղափոխել միայն ցեմենտի արտադրության սարքավորումներ:












































