Մայիսի1-ին` աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը տոնական միջոցառումներ է կազմակերպելու:
Այս մասին հայտնում է կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Մայիսմեկյան շքերթը կսկսվի առավոտյան 11.00-ին. Մարտիրոս Սարյանի արձանի շուրջ կհավաքվեն կոմունիստները և կուսակցության երիտասարդ համակիրները` Երևանից և 50 շրջաններից:
«Տոնական պաստառներով, նվագախմբով` երիտասարդները շքերթով կանցնեն Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մինչև Ստեփան Շահումյանի արձանի մոտ, որտեղ կանցկացվի հանրահավաք»,- ասում է Ռուբեն Թովմասյանը:
Առաջին քարտուղարը ցավով նշում է, որ ավանդական տոնական համերգ տեղի չի ունենա: «Ժողովրդի վիճակը վիճակ չի: Մարդիկ տրամադրություն չունեն համերգ լսելու: Հանրահավաքի ժամանակ ելույթներով հանդես են գալու Կոմունիստական կուսակցության առաջնորդները, խոսելու են ներկայիս քաղաքական իրավիճակի մասին: Ասելու ենք` ոչ այս համակարգին, ասելու ենք` վերադարձրեք ժողովրդին այն, ինչ խլել եք նրանից»,- ասում է Ռուբեն Թովմասյանը:









































