Շվեդական Մալմյո քաղաքում, որտեղ մայիսի 14-18-ը տեղի կունենա «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթը, տեղի են ունենում փողոցների, հրապարակների ու շինությունների ձևավորման աշխատանքներ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բազմաթիվ փողոցներում, երկաթուղային կայարաններում ու քաղաքի մուտքերի մոտ հանգստյան օրերին փակցվել են մոտ 700 ազդագիր, 140 պաստառ, որոնք տեղեկացնում են մոտալուտ մրցույթի մասին՝ տեղեկացնում է Մալմյոյի քաղաքապետարանը:
«Մենք ցանկանում ենք, որ երկուշաբթի մարդիկ քնից արթնանան ու ասեն՝ շուտով ամեն ինչ կսկսվի: Այդ կերպ մենք ցանկանում ենք օգնել Մալմյոյի բնակիչներին ու այցելուներին զգալ այդ իրադարձության գալուստը, սեփական առնչությունը դրան»,- ասել է քաղաքի ձևավորման նախագծի հեղինակ Քրիստիան Շլյուտերը:
Ինչպես ներկայացված է Մալմյոյի քաղաքապետարանի կայքում, այսօրվանից կմեկնարկի «Եվրատեսիլ»-ի հանդիսականների ու երկրպագուների համար ծրագիրը:
Մրցութային օրերին երաժիշտների մասնակցությամբ միջոցառումներ կանցկացվեն քաղաքի այգում՝ Մավրիտանյան տաղավարի Euro Fan Cafe-ում:
«Եվրատեսիլ-2013»-ի անդամ-երկրների մասնակիցների պաշտոնական ընդունելությունը տեղի կունենա մայիսի 12-ին՝ քաղաքի օպերային թատրոնում:
Ակնկալվում է, որ քաղաքը կհյուրընկալի 1200 մարդու:









































