Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի հետ դատարկ փաստաթղթեր ստորագրելուց և ձեռք սեղմելուց:
Մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին անցնող շաբաթվա ընթացքում արդեն երրորդ հայ զինվորի սպանությանը, Կարապետյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև-Դմիտրի Մեդվեդև վերջին հանդիպման ժամանակ փաստաթուղթ ստորագրվեց` նման միջադեպերի վերաբերյալ քննություն անցկացնելու մասին:
«Որքան ես տեղյակ եմ` քննություն չի անցկացվել, և հերթական անգամ մենք տեսնում ենք, որ փաստաթղթերը ստորագրվում են ֆոնը պահպանելու համար: Իսկ իրականում գործ չի արվում. Ադրբեջանը չի հրաժարվում իր ռազմատենչ հռետորաբանությունից ու կոնկրետ գործողություններից, որոնց արդյունքում հայ զինվորներ են զոհվում»,- ասաց Կարապետյանը:
Ըստ նրա` հայկական կողմը պետք է անի ամեն ինչ, որպեսզի իրագործվեն արդեն իսկ ստորագրված փաստաթղթերը:
«Երկու տարուց ավելի է` ՀՀ ԱԳՆ-ն ու ավելի բարձր ատյանները խոսում են այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի խախտումներ անող կողմին»,- փաստեց նա ու կոչ արեց. «Վերջապես հասեք նրան, որ միջազգային հանրությունը գոնե մեկ անգամ դատապարտի խախտումներ անող կողմին: Մինչ օրս որևէ հաջողության չեն հասել, և դա ցավալի է»:
Կարապետյանը նաև ասաց. «Հայկական կողմն իմպոտենտ է` ապացուցելու միջազգային հանրությանը, որ այս հանցագործություններն իրականացվում են Ադրբեջանի կողմից: Իսկ նման իրավիճակը, բնականաբար, ավելի սանձարձակ է դարձնում Ադրբեջանին և անպատժելիության դեպքում նրա գործողությունները դառնում են ավելի վտանգավոր` մեր կողմի համար»:









































