Բանգլադեշում ծայրահեղական իսլամիստների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել է 22, վիրավորվել շուրջ 100 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Իսլամիստների ցույցը, որին մասնակցել է շուրջ 200 հազար մարդ, տեղի է ունեցել կիրակի՝ երկրի մայրաքաղաք Դաքքայում: Բողոքի ակցիան վերաճել է զանգվածային անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները պահանջում են ձերբակալել «աթեիստ բլոգերներին» և խստորեն պատժել այն մարդկանց, որոնք, նրանց կարծիքով, վիրավորում են իսլամը:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ վեց մարդ զոհվել է գլխի հրազենային վնասվածքներից: Ոստիկանությունը պնդում է, որ ցուցարարներին ցրելու համար կիրառվել են միայն ռետինե փամփուշտներ, սակայն ականատեսները հայտարարում են, որ ոստիկաններն օգտագործել են մարտական փամփուշտներ:
Վերջին ամիսներին Բանգլադեշում իրավիճակը սրվել է երկրի խոշորագույն իսլամիստական կուսակցության՝ «Ջամաաթ Ալ-Իսլամ»-ի մի շարք առաջնորդների դեմ դատական գործընթացի կապակցությամբ: Նրանց մեղադրում են 1971թ. Պակիստանից Բանգլադեշի անկախությունը հռչակելու համար պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների մեջ:









































