ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը 2016 թվականին կպայքարի երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար և կմրցակցի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, եթե վերջինս որոշի մասնակցել նախագահական ընտրություններին: Այս մասին ABC հեռուստաալիքի եթերում վստահություն է հայտնել Նյու Մեքսիկո նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը: Նա Բիլ Քլինթոնի վարչակազմում զբաղեցրել է էներգետիկայի նախարարի ու ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնները:
«Կարծում եմ՝ Ջո Բայդենը չի զիջի և կդնի իր թեկնածությունը: Հիլարի Քլինթոնը հիասքանչ կլիներ, դրանում ոչ մի կասկած չկա, սակայն Բայդենին ես ճանաչում են արդեն երկար տարիներ: Նա նրանցից է, ովքեր միշտ ցանկացել են նախագահ դառնալ, և նա կարողանում է հասնել իր ուզածին»,- ասել է ականավոր քաղաքական գործիչը:
Ավելի վաղ 70-ամյա Բայդենն արդեն առաջադրել էր իր թեկնածությունը նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցությունից, սակայն ներկուսակցական մրցապայքարի փուլում զիջել է Օբամային ու Հիլարի Քլինթոնին:
2016-ի ընտրությունների առնչությամբ Բայդենը դեռևս ոչինչ չի ասել: Ինտրիգը պահպանում է նաև Հիլարի Քլինթոնը:










































