Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող երկրներում տարիներ շարունակ Հայաստանի դիվանագիտությունը լրջագույն բացթողումներ և սխալներ է թույլ տվել՝ նշանակելով դեսպանների, որոնք չունեն համապատասխան գիտելիք և փորձ: Բացի այդ՝ նշանակվելով դեսպան այդ երկրում՝ նրանք հիմնականում ծավալում են բիզնես-գործունեություն։ Եվ հենց այդ դեսպանների գործունեության հետևանքով է, որ Հայաստանի և տվյալ երկրի բարիդրացիական հարաբերությունները ոչ միայն չեն զարգացել, այլև լարվել և ճգնաժամի են հասել։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում նոր նշանակումը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համարում է մանկության ձախության հիվանդություն, որը սկիզբ է առել ԱՄՆ-ից:
«Հայաստանում առաջին պլան են մղվում դիլետանտները»,- կարծում է Արման Նավասարդյանը:
Արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով՝ եթե պետության ղեկավարն ուզում է որևէ մեկին առաջ մղել, նշել նրա աշխատանքը, ապա ավելի լավ է՝ նրան այստեղ նշանակի նախարար, ոչ թե դեսպան. «Բայց գնալ արտասահման և չիմանալ այդ աշխատանքը, կարծում եմ՝ շատ վտանգավոր է և վնասակար: Դեսպանը պետք է ունենա շատ բարձր պրոֆեսիոնալ մակարդակ»:
Նավասարդյանն ընդգծեց, որ դեսպանը երկրում կարող է շատ հարցեր լուծել, կարող է և ոչինչ չանել, սակայն նրա նշանակումը չպետք է լինի ինքնանպատակ և չմտածված. «Մինչդեռ Հայաստանն ունի այնպիսի դեսպաններ, որոնք նույնիսկ չգիտեն այդ երկրի լեզուն»:
Թե ինչու Հայաստանում չեն առաջնորդվում առավել փորձառու դեսպանների նշանակմամբ, Արմանն Նավասարդյանն ասաց. «Ես չգիտեմ, միայն մեկ բան կարող եմ ասել՝ սա նույն ամերիկյան սփոյլ դիփլոմըսի (փչացած դիվանագիտություն) տարատեսակն է»:








































