Georgia Online-ի փոխանցմամբ` «Եվրոպական դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Պաատա Դավիթայան հայտարարել է, որ ռուսական գազի մուտքը Վրաստան և «Գազպրոմի» հետ համագործակցությունը տարիներ առաջ մշակված ծրագրի բաղկացուցիչ մասերն են։
Նա զուգահեռներ է անցկացրել 2008 թվականի հետ՝ հայտարարելով, որ Ռուսաստանը Վրաստանի դեմ ռազմական ագրեսիայի հետ մեկտեղ այն ժամանակ դիտարկել է նաև տնտեսական ծրագիր, որը ձախողվել է, սակայն այժմ վերստին բերվել է օրակարգ։
Պաատա Դավիթայան մանրամասնել է, որ այդ ծրագիրը սկսել է իրագործել «Ռոսնեֆտը»՝ Փոթիի տերմինալի գնմամբ, իսկ երկրորդ քայլն անում է «Գազպրոմը»:
«Բոլորին հայտնի է, որ «Գազպրոմը» քաղաքական լծակ է, այդ մասին բացահայտ արտահայտվել է նաև (Ադրբեջանի) նախագահ Ալիևը։ Այդ մասին մեզ ասում են բոլոր գործընկեր երկրները և առաջին հերթին՝ ԱՄՆ-ը։ «Գազպրոմից» հետո ավտոմատ կերպ կհաջորդի երկաթուղու թեման։
Ըստ ամենայնի՝ հետագայում իրավիճակը կդասավորվի այնպես, որ կօգտագործվեն տնտեսական լծակները՝ իբր թե Հայաստանի հետ կապված։ Կասեն, որ մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, նրանք ցանկանում են տարանցում, իսկ մենք կստանանք շահույթ, և այդ թեման կգործարկվի։ Ռուսաստանը դրա համար էլ սկսել է տնտեսական հարաբերությունները, որ այսօր հենման կետ ունենա Վրաստանում։ Ամեն ինչ կավարտվի նրանով, որ նրանք վերահսկողությունն ամբողջովին կվերցնեն իրենց ձեռքը»,- ասել է նա։










































