4/28 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Սամվել Մանուկյանը խոչընդոտել է 1in.am «Առաջին լրատվական» կայքէջի լրագրողի աշխատանքը՝ թույլ չտալով նկարահանում կատարել կամ զրուցել հանձնաժողովի մյուս անդամների հետ։ Նա ասել է, թե լրագրողի անձը հաստատող փաստաթուղթը հավաստի չէ:
Հանձնաժողովի ՀԱԿ անդամ Իրաիդա Մինասյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ իրենք հավաքել են ավելի քան 20 ապացույց, որոնք վկայում են, որ այդքան մարդիկ երեք-չորս օր կամ ընդամենը մի քանի շաբաթ առաջ են գրանցվել այս ընտրատեղամասում: Նրա կարծիքով՝ դա փաստացի գրանցում է, որն արվել է ՀՀԿ-ի կողմից՝ իրենց թեկնածուի օգտին լրացուցիչ ընտրողներ ապահովելու համար։ Իսկ ՀՅԴ-ի վստահված անձը տեղեկացրել է, որ իրենք արձանագրել են կրկնակի քվեարկությունների մի քանի դեպքեր:
Թե՛ ՀԱԿ-ի, թե՛ ՀՅԴ-ի, թե՛ «Բարև Երևան» դաշինքի վստահված անձինք դժգոհել են, որ ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականներն անընդհատ լարվածություն են ստեղծում:









































