ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հունվարի 11-ին ընտրվել է կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, անդամ պետությունների ներկայացուցիչներից բաղկացած Գործադիր խորհուրդը միաձայն հավանություն է տվել դեսպան Զոհրաբ Մնացականյանի թեկնածությանը:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից տրված մանդատի համաձայն, Գործադիր խորհրդի հիմնական գործառույթներն են հիշյալ երեք գործակալություններին միջկառավարական աջակցության տրամադրումն ու գործունեության ընդհանուր վերահսկողության իրականացումը: Խորհրդի պարբերական նստաշրջանները գումարվում են տարեկան երեք անգամ, որոնց ընթացքում Խորհրդի կողմից քննարկվում և որոշումներ են կայացվում օրակարգային հարցերի շուրջ` տարբեր երկրներում գործակալությունների ծրագրերի արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով:
«2016 թվականը Գործադիր խորհրդի և գործակալությունների համար առանցքային տարի է լինելու զարգացման նոր օրակարգի իրականացման առումով. մեկնարկելու են միջազգային հանրության կողմից ամիսներ առաջ ընդունված կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված աշխատանքները: Առաջիկա տարին հատկանշական է նաև գործակալությունների Ռազմավարական ծրագրերի միջնաժամկետ վերանայման, ինչպես նաև ՄԱԿ զարգացման համակարգի արդյունավետության գնահատմանն ուղղված անդամ-երկրների հիմնական քաղաքական գործիքի` Քաղաքականության քառամյա համապարփակ դիտարկման գործընթացի տեսանկյունից՝ ի թիվս այլ կարևոր օրակարգային հարցերի»,- նշել է իր խոսքում դեսպան Զոհրաբ Մնացականյանը։











































