2015 թվականի իրադարձությունների ամփոփումներում, որոնք բավական առատ են տոնական այս օրերին, զգալի տեղ է զբաղեցնում «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որը մի քանի շաբաթ շարունակ փակ պահեց Բաղրամյան պողոտան, դարձավ միջազգային մամուլի ուշադրության առարկա, անգամ որոշակի խուճապ առաջացրեց ռուսական պաշտոնական պրոպագանդայի խոհանոցում:
Շարժումն իհարկե ուներ երկու փուլ, իսկ արդյունքի առումով, իհարկե, հակասական էր ընդհանրապես: Սակայն շարժումն ուներ կարևոր մի առանձնահատկություն էլ, որն ամփոփումների բազմության և բազմազանության մեջ մնում է ուշադրությունից դուրս, սակայն ինքնին գուցե նվազ ինտրիգային է՝ ուշադրության կենտրոնում հայտնվելու համար, սակայն խորքային իմաստով շատ կարևոր հանգամանք՝ Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումների ապագայի տեսանկյունից:
Արդյունքների, հակասականության, ներգրավված սուբյեկտների բազմազանության, հնարավոր իշխանական «ականջների» և այլնի մասին ասվել է բավական շատ ու անկասկած էլի կասվի: Ուշադրությունից դուրս է մնացել այդ ամենի հետևում մնացած, բայց մեծ հաշվով այդ ամենի վրա իր էական ազդեցությունը թողած բաղադրիչը՝ տեղեկատվական, հաղորդակցային ենթակառուցվածքը:
Հայաստանում առաջին անգամ ոստիկանական ուժային գործողություն է կատարվել ինտերնետային ուղիղ հեռարձակմամբ, ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ մի քանի լրատվամիջոցով: Հետո օրեր շարունակ ապահովվել է բողոքի ակցիայի անընդհատ հեռարձակում ուղիղ ռեժիմում, գրեթե դրվագ առ դրվագ, որի միջոցով ակցիային հետևելու, իրազեկվելու, տպավորություն ստանալու հնարավորություն են ունեցել, ինչ-որ իմաստով նաև մասնակից են դարձել հարյուր հազարավոր քաղաքացիներ Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս, այդ թվում՝ օտարերկրացիներ: «Էլեկտրիկ Երևան» շարժման կարևոր հերոսներից մեկը եղել է «տեղեկատվությունը», տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան նոր աստիճանը: Բաղրամյան փողոցում իրենց «մարտական մկրտությունը» ստացան Հայաստանում շոշափելի առաջընթաց արձանագրած տեղեկատվական տեխնոլոգիաները, և Բաղրամյանի շարժումը որքան կարող է կոչվել «Էլեկտրիկ Երևան», նույնքան էլ իրավունք ունի կոչվելու «Ինտերնետ Երևան»: Ավելին՝ եթե «Էլեկտրիկի» մասով արդյունքը հակասական է, ապա «Ինտերնետի» մասով այն գրեթե բացարձակ է և հստակ ու աներկբա է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Բաղրամյանի շարժման ժամանակ արձանագրել են աներկբա հաղթանակ: Եվ այդ հաղթանակը հասարակության հաղթանակն է:
Այդ իմաստով, Բաղրամյանում արձանագրվել է հայկական տեղեկատվական նոր իրականությունը, ընդ որում՝ գրեթե անշրջելի թվացող իրականությունը: Այդ մի քանի շաբաթները հստակ արձանագրեցին, որ հասարակությունը , Հայաստանը ապրում է այլևս բոլորովին նոր դարաշրջանում, ու թեև հասարակական-քաղաքական զարգացումներում ներգրավված սուբյեկտների առումով կենսական անհրաժեշտություն հանդիսացող սերնդափոխությունը դեռևս հեռու է՝ թեև արդեն օրակարգում գրեթե ամրագրված, այդուհանդերձ, Հայաստանում տեխնոլոգիական, տեղեկատվական սերնդափոխությունը ոչ միայն այլևս կայացած փաստ է, այլև նույնիսկ ոչ թե սերնդափոխություն, այլ հեղափոխություն է:
Տեղեկատվական ոլորտի մասնագետները անկասկած կարող են, և թերևս պետք է անեն արձանագրված իրողության հանգամանալից, մասնագիտական վերլուծություն, ինչը շատ կարևոր է հասարակության կարևոր այդ ձեռքբերումը ամրագրելու, ամրացնելու համար: «Էլեկտրիկ Երևանի» ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը տալիս է վերլուծության հարուստ նյութ, քանի որ այդ կիրառումը ունեցել է բազմաթիվ դրսևորումներ, իհարկե այդ թվում գուցե խնդրահարույց և մասնագիտական հանգամանալից վերլուծությունը և քննարկումը կարևոր է նաև հետագայում հասարակությանը այդօրինակ խնդիրներից ապահովագրելու համար:
Աներկբա է նաև, որ այդ հանգամանքը կարիք ունի քննարկման նաև քաղաքական սուբյեկտների շրջանում, քանի որ աներկբա է, որ տեղեկատվական հեղափոխությունը, տեխնոլոգիական սերնդափոխությունն այլևս քաղաքական ազդեցության շոշափելի գործոն է և քաղաքական ու քաղաքացիական պայքարի անփոխարինելի գործիք: Ընդ որում՝ պետք է նաև արձանագրել, որ իշխող համակարգն արդեն իսկ անցել է այդ գործիքի հիմնարար կիրառման, և այդ իմաստով ընդդիմադիր քաղաքական միավորները իշխող համակարգից հետ են մնում զգալիորեն: Անհրաժեշտ է գտնել տեխնոլոգիական բաղադրիչի կիրառման առավելագույնս արդյունավետ տարբերակներ, մեխանիզմներ, բանաձևեր, որոնք կբարձրացնեն նաև ընդհանուր քաղաքական-քաղաքացիական պայքարի արդյունավետությունը:
Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ տեղեկատվական այդ բաղադրիչը ոչ թե կարող է լինել լոկ նոր գործիք, այլ մի գործիք է, որը պահանջում է նաև նոր բովանդակություն: Նոր գործիքով հին բովանդակության սպասարկումը բթացնում է տեխնոլոգիան, նվազեցնում դրա արդյունավետությունը; Վերջին հաշվով, տեղեկատվական տեխնոլոգիայի դրսևորումն ինքնին զուտ տեխնիկական հարց չէ: Դա բերել է հասարակության մեջ որոշակի՝ թեկուզ ենթագիտակցական տրանսֆորմացիաների: Այլ է դարձել հասարակությունն ինքնին՝ տեխնոլոգիական հնարավորությունների աճին զուգահեռ: Հետևաբար, գործ ունենք ոչ միայն նոր գործիքի, այլ նաև նոր հասարակության հետ: Հետևաբար պետք է ոչ թե հին բովանդակության սպասարկման նոր գործիքի կիրառում, այլ նոր հասարակության հետ աշխատանքի նոր բովանդակություն՝ տեխնոլոգիական նոր գործիքի կիրառումով:
Այստեղ է «Էլեկտրիկ Երևանի» առանցքային «դասը», որը սերտելու, ուսումնասիրելու արդյունավետությունից է կախված՝ այդ շարժումը կլինի՞ «հաղորդիչ» ապագա զարգացումների տեսանկյունից, թե՞ կհամալրի հասարակական տպավորիչ դրվագների շարքը, որոնք, սակայն, մնացին պատմության ընթացքից մեկուսացված հատվածներ:









































