Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին այսօր հայտնվել է հեռուստաեթերում և կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին բանակցություններ սկսել, այդ թվում` լիբիական նավթի վերաբերյալ:
«Լիբիան պատրաստ է կրակի դադարեցմանը: Սակայն այն չի կարող միակողմանի լինել: Մենք առաջինը ողջունեցինք զինադադարը, սակայն ՆԱՏՕ-ի խարակիրների հարձակումն այդպես էլ չդադարեց», մեջբերելով Քադաֆիի խոսքերը հաղորդում է Reuters գործակալությունը:
Քադաֆին ի լուր աշխարհի հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Լիբիան ոչ մի պայմանում. «Ոչ ոք չի կարող ստիպել ինձ հեռանալ: Եվ ոչ ոք չի կարող ինձ հրամայել չկռվել իմ երկրի համար», նշել է նա: «Մենք չենք գրոհել նրանց վրա (ՆԱՏՕ-ի երկրների.– 1in.am): Մենք չենք հատել ծովը: Ինչո՞ւ են նրանք հարձակվում մեզ վրա», վրդովված ասել է նա:
«Հնարավորություն տվեք մեզ, մեզ վրա հարձակված երկրներ, բանակցություններ սկսել: Եկե՛ք պայմանավորվենք», դիմելով ՆԱՏՕ-ին, ասել է Քադաֆին` նշելով, որ եթե խնդիրը լիբիական նավթի մեջ է, ապա դա էլ պետք է լուծվի բանակցությունների միջոցով:
Նա կրկին դիմել է Լիբիայի բարեկամական երկրներին` Ռուսաստանին, Չինաստանին, հարավամերիկյան երկրներին ճնշում գործադրելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա, որպեսզի բանաձևը վերանայվի: Նա առաջին անգամ դիմել է իր քաղաքացիներին ` զենքերը վայր դնելու և բանակցություններ սկսելու կոչով` ժխտելով խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մեղադրանքները:
Այս հայտարարության ընթացքում ՆԱՏՕ-ն սկսել է ռմբակոծությունների շարք: Որոշ տվյալներով, հարձակումը եղել է այն հեռուստաստուդիայի ուղղությամբ, որտեղից ելույթ էր ունենում Քադաֆին: Ավելի ուշ լիբիական հեռուստատեսությունը հայտարարեց, որ անկասկած, հարձակման թիրախը Լիբիայի առաջնորդն էր:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:









































