Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի Ջամարայա արվարձանում տեղակայված ռազմական հետազոտական կենտրոնին: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Ավելի վաղ ստացվել էր տեղեկություն այն մասին, որ Ջամարայա շրջանում ուժգին պայթյուն է որոտացել:
Միջադեպը տեղի է ունեցել երկու օր անց այն բանից, երբ տեղեկություն էր ստացվել, թե իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական տարածքում հրթիռներ տեղափոխող ավտոշարասյանը: Նշվում է, որ հրթիռները նախատեսված են եղել լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման համար: Երկու դեպքերում էլ իսրայելական կողմը չի մեկնաբանում կատարվածը:











































