Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խզել է պայմանագիրն իր ակումբի հետ՝ չպահանջելով նույնիսկ իր հասանելիք փոխհատուցումը(712 500 չափով), քանի որ գիտակցում է, որ այդ գումարն ստանալու է ակումբի երկրպագուների ու քաղաքի բնակիչների գրպանից:
«Երբ երկու տարի առաջ Հայաստանի ազգային հավաքականի բրազիլացի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի «Ակտոբե» տեղափոխության մասին լուրեր էին շրջանառվում, Ղազախստանում դրան այդքան էլ լուրջ չէին վերաբերվում: Պիզելին գալիս էր «Ակտոբե»-ում լուրջ խնդիրներ լուծելու, և նրա ելույթներից պարզ դարձավ, որ նա ոչ միայն ուժեղացրեց «Ակտոբե»-ի խաղը, այլև ամբողջ Ղազախստանի առաջնությունը»,- այսպես է իր հոդվածն սկսում ղազախական «Sport.kz» կայքը:
«Ակտոբե»-ում համոզված էին, որ լուրջ արդյունքների հասնելու համար հարկավոր է մեծ գումար ծախսել: Սակայն կյանքը շարունակվում է, և ամեն ինչ՝ փոխվում: Վերջերս «Ակտոբե»-ի ղեկավարությունը բացահայտեց արտասահմանցի ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը, ինչի արդյունքում իրարանցում սկսվեց երկրպագուների շրջանում, քանի որ ըստ նրանց՝ ֆուտբոլիստների աշխատավարձի չափը բավականին բարձր է:
Կայքն ընդգծում է, որ Մարկոսը կատարում է իր առջև դրված բոլոր խնդիրներն ակումբում, և նույնիսկ կարելի է ասել, որ արժանի է պայմանագրով նախատեսված աշխատավարձին: Ամեն դեպքում ներկայիս ֆինանսական վիճակից ելնելով՝ որոշ ֆուտբոլիստներ ստիպված են հեռանալ թիմից, և այդ թվում՝ Մարկոս Պիզելին:
«Ես գիտեմ, թե ինչ է կատարվում, քանի որ հետևում եմ այդ ամենին: Գիտեմ՝ ինչ են ասում մարդիկ, իսկ ես ուզում ասել, որ չեմ եկել «Ակտոբե» գումար վաստակելու համար, այլ ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ: Այն ակումբում, որտեղ հանդես էի գալիս նախքան «Ակտոբե» տեղափոխվելս, ես պակաս գումար չէի աշխատում. այնպես որ փողի գործոնն այստեղ շեշտելն անիմաստ է: Ես կարող եմ համակերպվել նրանց կարծիքին, եթե միայն ես ստանայի այդչափ աշխատավարձ, սակայն ղազախական ֆուտբոլի բոլոր լեգեոներները վաստակում են այդքան և նույնիսկ՝ ավելի շատ:
Եվս մեկ շատ կարևոր բան. ամենն այնպես է ներկայացվում, կարծես ես հեռանում եմ «Ակտոբե»-ից, քանի որ թիմն ունի ֆինանսական խնդիրներ, սակայն դա այդպես չէ: Այտեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս՝ և´ թիմը, և´ երկրպագուները: Այնպես որ պատրաստ էի ընդառաջել թիմին ու շարունակել հանդես գալ «Ակտոբե»-ում: Ամեն դեպքում նոր ղեկավարությունն իր վարվելակերպն ունի, և եթե նրանք հանրայնացնում են իմ աշխատավարձի չափը, ապա ես էլ հանրային կերպով ասում եմ, որ խզում եմ պայմանագիրս թիմի հետ:
Պայմանագրիս ժամկետը լրանում է 12 ամիս հետո, և եթե ես շատ ցանկանայի, ապա կարող էի մնալ այստեղ ու ստանալ իմ հասանելիք գումարը: Բայց և այնպես ես գիտակցում եմ, որ այդ գումարն ստանալու եմ ակումբի երկրպագուների ու քաղաքի բնակչության գրպանից, հետևաբար համաձայնեցի խզել պայմանագիրս ակումբի հետ՝ ստանալով երկու և կես ամսվա փոխհատուցում, իսկ մյուս ինն ու կես ամսվա գումարը, որը կազմում է 712 500 դոլար, ես նվիրում եմ «Ակտոբե»-ի երկրպագուներին ու քաղաքի բնակիչներին:
Ես շնորհակալ եմ բոլորին աջակցության համար և երկրպագուներին, որ այս ընթացքում եղել են թիմի կողքին: Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան այն չի ստացվել, սակայն ես ամեն ինչ արել եմ ի սրտե: Հուսով եմ՝ նորից կհանդիպենք»,- ասել է Մարկոս Պիզելին:






































