Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի անդամ մի շարք պետությունների արտգործնախարարներին՝ հայտնում է IRNA գործակալությունը։
Զարիֆն անդրադարձ է արել իրադարձություններին, որոնք, «ցավոք, տեղի են ունեցել վերջին օրերին» և հանգեցրել երկու երկրների հարաբերությունների սրացման։
«Սաուդյան Արաբիան կարող է կամ շարունակել աջակցել ծայրահեղականներին ու ահաբեկիչներին և ձեռնարկել քայլեր՝ ուղղված միջկրոնական ատելության խորացմանը, կամ կարող է ընտրել բարիդրացիության ուղին և կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունության խթանման գործում։ Իրանը հույս ունի, որ Սաուդյան Արաբիան ականջալուր կլինի խելամտության ձայնին»,- ասել է նա։











































