Volkswagen գերմանական ընկերությունը հրաժարվել է ամերիկյան իշխանություններին փոխանցել «դիզելային սկանդալի» վերաբերյալ պահանջված փաստաթղթերը` ներառյալ ընկերության ղեկավարության էլեկտրոնային նամակները: Այս մասին հայտնում է The New York Times-ի էլեկտրոնային տարբերակը:
Volkswagen-ը իր բացասական պատասխանը բացատրել է մի շարք գերմանական օրենքներով, որոնք սահմանափակում են նմանատիպ տվյալների փոխանցումը այլ պետության՝ հատկապես, երբ խոսքը ԵՄ սահմաններից դուրս գտնվող պետության մասին է:
Ինչպես գրում է պարբերականը, Volkswagen-ի գործողությունները լրջորեն բարդացնում են ԱՄՆ իշխանությունների կողմից տարվող հետաքննությունը, որոնք հույս ունեն նամակագրությանը հասանելիություն ստանալով՝ պարզել, թե ընկերության ղեկավարներից հատկապես ով է իմացել այդ չարաշահման մասին:
Հայտնի է, որ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար ընկերությունը հատկացրել է €6,7 միլիարդ:









































