Իտալական հայտնի ավտոորտադրող Lamborghini ընկերությունը նշում է իր 50-ամյա հոբելյանը։ Լեգենդար բրենդը հիմնվել է 1963 թ.: Դրա առթիվ Lamborghini-ն հատուկ սուպերմեքենա է ստեղծել:
Խոսքը Lamborghini LP720-4 50 Anniversario Edition Aventador մոդելի մասին է: Մեքենան պետք է ցուցադրվեր միայն Շանհայի ավտոսրահում, սակայն այդ արարողության նախաշեմին դրա լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում:
Մեքենան ներկված է գույների ուրախ համադրությամբ՝ դեղին և սև, ընդ որում, դեղին գույնը հատուկ մշակված է այս մեքենայի համար: Այն նույնիսկ ստացել է «դեղին մայիս» անվանումը:
Մեքենան հագեցած է 710 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը հնարավորություն է տալիս LP720-450-ին 2,9 վայրկյանում 100 կմ/ժ արագություն զարգացնել: Մեքենայի առավելագույն արագությունը 350 կմ/ժ է:
Lamborghini LP720-4 50 Anniversario Edition Aventador-ը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 100 օրինակով: Նշենք, որ այս շարքի ոչ բոլոր մեքենաներն են «դեղին մայիս» գույնով ներկված լինելու:










































